Նորություններ

ՇՄ ոստիկանապետ Վ. Նադարյանը շնորհավորում է աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին. «Մեր ազգի աչքը լույս լինի»

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Գյումրիում այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում չեմպիոնին վաղ առավոտյան քաղաքի մուտքի մոտ մեծ շուքով դիմավորելու համար:

Իսկ ՇՄ ոստիկանապետ Վարդան Նադարյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում շնորհավորեց գյումրեցի մարզիկ, 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին աշխարհի չեմպիոնի պատվավոր կոչումը նվաճելու համար ու նշեց. «Ավելի մեծ հաջողություններ եմ մաղթում իրեն, ապրի ինքը, բոլորիս ճակատը պարզ պահելու համար: Մեր ազգի աչքը լույս լինի, սրանից ավելի լավ նվեր չէր էլ կարող լինել մեր ազգի, մեր ժողովրդի համար, երբ որ մեր դրոշը բարձրացվում է եւ հնչում է մեր օրհներգը»,-ասաց Վարդան Նադարյանը:

Հիշեցնենք, մայիս ամսին մամուլում եղան հրապարակումներ, համաձայն որոնց, գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը՝ գտնվելով ոչ սթափ վիճակում:

Մարզիկը ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել տեղի ունեցած միջադեպը, իսկ ՇՄ ոստիկանապետը հայտարարեց, որ նման դեպք տեղի չի ունեցել եւ որ այդկերպ փորձում են վարկաբեկել իրեն:

ՀՔԾ-ն գրանցված միջադեպի մասին հրապարակումներն ընդունել էր որպես հանցագործության մասին հաղորդում եւ նյութեր էր նախապատրաստում: Սակայն հանցագործության դեպքի բացակայության պատճառով Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել:

Back to top button
Close