Նորություններ

Դատարանի անկախությունը չի ապահովվում դատավորների համար սեմինարներ կազմակերպելով

ՄԻԵԴ-ում շարունակում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշումներ ընդունվել: Վերջինը Մինասյանն ընդդեմ Հայաստանի գործն էր, որով Եվրադատարանը Հայաստանին պարտավորեցրել է մինչև հոկտեմբերի 8-ը վճարել 6 հազար 30 եվրո:

«Հնարավոր չէ չպարտվել Եվրադատարանում, որովհետև նոր ու նոր իրավունքներ են սահմանվում, որոնք այդ պետության ներսում չկան, և բնականաբար մենք չենք կարող կանխորոշել ինչ նոր իրավունքներ են ծնվելու, որպեսզի դատարանները, դատավորները, քննիչները այլ կերպ աշխատեն»,- գտնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը:

2007 թվականից սկսած ընդդեմ Հայաստանի կայացվել է 49 վճիռ, որոնց փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 576 հազար 324 եվրո, որի հիմնական մասը վճարվել է Հայաստանի հարկատուների հաշվին, և սա այն համատեքստում, երբ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ՀՀ կառավարության հետ, որոնք միտված են եղել ՀՀ դատական ոլորտի բարելավմանը: Դրանցից վերջինը այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ-ի կառավարության միջև կնքված համաձայնագիրն էր, որով մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանին` դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար:

Երվանդ Վարոսյան
Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նման ծրագրերի արդյունքները չի տեսնում և ծախսված յուրաքանչյուր դոլարը անարդյունավետ է որակում. «Դատարանի անկախությունը չի ապահովվում դատավորների համար սեմինարներ կազմակերպելով, դա իմիտացիա է, որ այդ միջոցով կարող են հասնել անկախության: Այսինքն ի՞նչ, իրենց պետք է սովորեցնեն, որ դուք պետք է անկախ լինեք, այն, ինչ որ օրենքում արդեն գրած է: Քաղաքական պայմանների բացակայության պարագայում ուզում եք դատավորին 120 տարի սեմինարների տանենք, նա անկախ չի կարող դառնալ` մեծագույն ցանկության դեպքում անգամ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Արա Ղազարյանը
Արա Ղազարյան

Արա Ղազարյանը ավելի լավ է տրամադրված, դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, նկատում է, բայց և ընդունում է, որ հասարակությունը դժգոհ է դատական համակարգից. երկու պատճառ է նշում, առաջինը, որ դատական համակարգը հասարակությանը տեղեկատվություն չէր տրամադրում, ինչի հետևանքով միայն բացասական ինֆորմացիան էր տարածվում, և երկրորդ, որ դատական համակարգի գործունեությանը միջամտում է Հայաստանի քաղաքական էլիտան. «Այն գործերում, որտեղ կա քաղաքական ենթատեքստ, քաղաքական էլիտան ոչ միայն դատական, այլ նաև նախաքննական մարմինների գործունեությանն է միջամտում»:

Ուստի Երվանդ Վարոսյանը համոզված է՝ ոլորտում իրական բարեփոխումներ կտեսնենք միայն այն դեպքում, երբ բարձրագույն իշխանական ատյանները նման ցանկություն ունենան. «Եթե վիճակը այսպես շարունակվի պահպանվել, դեռ շատանալու է ընդդեմ Հայաստանի կայացված որոշումները: Երբ որ մենք բոլորս ստիպված ենք վճարել պետության կողմից թույլ տված սխալների համար, արդարացի չէ: Բայց այսօր այլ մեխանիզմ, քան Եվրոպական դատարանը, գոյություն չունի, որովհետև այդպիսով մարդը կարողանում է իր խախտված իրավունքները փորձել վերականգնել: Ես ցավով եմ սա ասում, բայց մեր պետական ատյաններում հասնել ինչ-որ լուրջ հաջողության այսօր անհնար է»,- ասաց Վարոսյանը:

Վերջին տարիներին, սակայն, Եվրադատարան դիմողների թվի նվազում է նկատվում, ինչը փորձագետ Արա Ղազարյանը բացատրում է նաև նրանով, որ վարույթը շատ երկար է տևում, երբեմն նույնիսկ 6 և ավելի ամիսներ, բացի այդ, որոշ համակարգային խնդիրներ արդեն Հայաստանում է հնարավոր լուծել. «Գլոբալ պրոցեսն այն է, որ ստեղծվում են մարդու իրավունքների տարածաշրջանային սկզբունքներ, և ստեղծվում են մեխանիզմներ, որ բոլոր պետություններում նույնանման են: Բնականաբար պետությունները պետք է պարտվեն, որ դատական ակտի հիման վրա ընդունվեն այդ սկզբունքները:

Պարտվելուց նաև գումար է հատկացվում, այդ գումարը մեր բյուջեի համար գուցե մեծ գումար է, բայց եթե համեմատենք մյուս եվրոպական պետությունների կամ տարածաշրջանի պետությունների հետ, այդ գումարը այդքան էլ մեծ չէ: Նմանատիպ խախտումների համար մեր պետական դատարաններն ու օրենքներն էլ են նախատեսում փոխհատուցում, բայց օրենքները ցածր են պահում, ասենք կյանքի իրավունքի դիմաց մեր օրենքը մինչև մեկ միլիոն դրամ է սահմանում, նույն իրավունքի համար Եվրադատարանը կարող է սահմանի 10 կամ 20 հազար եվրո: Ուզում եմ ասեմ այն, որ պետությունն այսօր պարտվում է ու պետության գումարներ է պետբյուջեից դուրս գալիս, դա չպետք է դիտել որպես բացասական երևույթ, որովհետև մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը: Եթե կա Եվրադատարան և արդյունավետ համակարգ, ուրեմն մարդիկ կդիմեն: Նույն բանը, որ ասենք թե հնարավոր չէ, որ մեր դատարաններում մարդիկ պարտվեն, եթե պարտվեն, ապա դատարանները վատ են աշխատում»:

Back to top button
Close