Նորություններ

ԲՀԿ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել, իսկ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» վստահ են`Սերժ Սարգսյանն ուզում է վերարտադրվել

Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժեր` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Քաղաքական այս ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները Սահմանադրության փոփոխությամբ չէ, որ հնարավոր է լուծել: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց. «Մենք դրել ենք պարզ հարցեր, մենք ասել ենք` եթե Սերժ Սարգսյանը, ինչպես ինքը հրապարակավ հայտարարել է, դեմ է խորհրդարանական համակարգին, իր սրտով չէ եւ ինքը կողմ է գործող կիսանախագահական, կիսախորհրդարանական հայտնի համակարգին, որին կողմ ենք նաեւ մենք, այդ դեպքում ինչո՞ւ է նա նախաձեռնում անցում խորհրդարանական կառավարման համակարգին»:

Լեւոն Զուրաբյան
Լեւոն Զուրաբյան

«Հարց է առաջանում, եթե ինքը ամեն դեպքում անում է մի բան, որն իր սրտով չէ, ինչո՞ւ է անում. պատասխանը պարզ է, անում է, որ հաղթահարվի այն արգելքը, Սահմանադրությամբ գործող այն երաշխիքը, որն արգելում է երրորդ անգամ դառնալ ՀՀ նախագահ: Մյուս բոլոր վստահեցումները դատարկ խոսքեր են»,- ասաց Լ. Զուրաբյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատարաններ, դրանք բոլորը ճառեր են: Անկախ դատական իշխանություն ստեղծելու համար Սերժ Սարգսյանն ուղղակի պետք է դադարի հրամաններ տալ դատավորներին, ուրիշ ոչ մի բան նրանից չի պահանջվում, իսկ դրա համար պետք չէ Սահմանադրություն փոխել»,- կարծիք է հայտնում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւս կարծում է, որ այս հարցում Սերժ Սարգսյանի մտադրություններն ազնիվ չեն: Ըստ նրա, այսօր ՀՀ-ը սահմանադրական ճգնաժամ չի ապրում, իսկ այն բոլոր խնդիրները, որոնք առկա են, որեւէ կապ չունեն Սահմանադրության հետ:

«Այն, ինչ ուզում է իշխանությունն անել, հավատ չի ներշնչում, որ դրանք ուղղված են պետության մեջ վիճակ փոխելուն եւ դրանք բացարձակ Սահմանադրության հետ կապ չունեն, հետեւաբար այլ նպատակ են հետապնդում: Ես կարծում եմ, որ ի վերջո դրված է իշխանության վերարտադրության հարցը»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Էլինար Վարդանյան
Էլինար Վարդանյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները պայմանավորված չեն Սահմանադրությամբ: «Եվ եթե կածում ենք, որ Սահմանադրության կետերը փայլուն պահպանվում են իշխանության կողմից, դա էլ ճիշտ չէ, որքա՞ն ենք մենք մեր Սահմանադրության շրջանակներում գործում: Միաժամանակ ասել, որ սահմանադրական փոփոխությունները Հայաստանին պետք չեն, դա էլ ընդունելի չէ, բայց այսօր այդ պահը չէ, որ պետք է դրանք կատարվեն»,- նշեց Վարդանյանը:

ԳԱԼԱ-ի լրագրողի դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները հարցադրում են անում եւ միեւնույն ժամանակ զարմանք ապրում, թե` եթե փաստաթուղթը դեռ չկա, ինչի՞ն են դեմ ոչ իշխանական ուժերը, Էլինար Վարդանյանն արձագանքեց. «Պարզ են որոշակի դրույթներ, որին ուղղված են սահմանադրական փոփոխությունները, բայց խնդիրը նրանում չէ, թե ինչպիսի բովանդակություն ունի այդ փոփոխությունը, եւ թերեւս նկատած կլինեք, որ բովանդակային քննարկման մեջ մենք երբեւէ չենք էլ մտել: Այստեղ խնդիրը նրանում է, որ մենք ունենք ծառացած խնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծվեն եւ կապել դրանք Սահմանադրության հետ, կարծում եմ այնքան էլ բանականությանը մոտ չէ»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, կոնկրետ ինքը չի մասնակցի այն քննարկումներին, որոնք կհրավիրեն իշխանությունները:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր, թե փաստաթղթի ամբողջական կազմման դեպքում իրենք կհրավիրեն քննարկումներ, որին կարող են մասնակցել նաեւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ:

Back to top button
Close