Երկրագնդի ամենասեւ կետը՝ Կարաբաշ. Անեծքը դեռ մնում է
Կարաբաշ- հարավուրալյան Մարս: Այն իր մեջ ընդգրկում է այլ մոլորակի բոլոր հատկանիշները՝ մեռած հող՝ պատված ճաքերով, Սակ- Էլգա գետը՝ լցված կարմրադեղնավուն անկենդան ջրով, արհեստական սեւ լեռներով: Աղետի պատճառը պղնձաձուլական գործարանն էր, որն ավելի քան մեկ դար թունավորում էր բնությունը: 90- ականներին Կարաբաշն աշխարհի ամենաաղտոտված քաղաքն էր եւ հայտարարել էին էկոլոգիական աղետի գոտի: Այսօր իրավիճակը մի փոքր բարելավվել է, սակայն նայելով լուսանկարներին, չես կարողանում համոզվել դրանում:
«Ահա եւ Կարաբաշը՝ երկրագնդի ամենասեւ կետը»: Քաղաք, որ 90-ական թվականներին սարսափեցնում էր երեխաներին, ովքեր հեռուստատեսությամբ դիտում եւ տեղեկանում էին, որ այնտեղ օդը թունավորված է, գետերը՝ վարակված եւ գոյատեւման հեռանկար գրեթե չկա: Անցան ժամանակներ: Մարզային իշխանությունները, ընկերությունների ղեկավարները ձեռնամուխ եղան շրջակա միջավայրի բարելավման գործին: Չհաջողվեց… տեսարանը դեռեւս սարսափեցնող է: Իսկ բույրն այնքան անբնական է, որ ուզում ես որքան հնարավոր է շուտ հեռանաս այդ վայրից:
Պղնձի հովիտը կարծես հատում է 2 աշխարհները՝ ողջերի եւ մեռյալների:
Պղնձաձուլական գործարան: Սա միաժամանակ Կարաբաշի եւ՛ կյանքն է, եւ՛ անեծքը: Գործարանը, որը գոյություն է ունեցել դեռեւս ցարական Ռուսաստանի ժամանակ, շարունակ պղտորել է երկինքը: Մաքրման ֆիլտրերի մասին անգամ չեն էլ մտածել, դրա համար միջավայրն աստիճանաբար աղտոտվել է: 80-ական թվականների վերջին գործարանը փակում են, սակայն իրավիճակն ավելի է վատանում: Կարաբաշը երկրագնդի ամենակեղտոտ վայրից վերածվում է նաեւ ամենաաղքատ շրջանի: Զանգվածային գործազրկությունը եւ հանցագործությունները ստիպում են շատերին արտագաղթել:
Պղնձի արտադրության ժամանակ երկինք է բարձրանում ծծմբի երկօքսիդի բավականին մեծ զանգված: Արդյունքում, ծծմբային անձրեւներն աստիճանաբար վերացնում են բուսականությունը: Ըստ գիտնականների հետազոտությունների, պղնձարտադրության ամբողջ ընթացքում ավելի քան 14 մլն. տոննա վնասական նյութ է մթնոլորտ արտանետվել: Եւ զարմանալի չէ, որ տեղի բնապատկերները հիշեցնում են Մարս մոլորակը՝ չորացած եւ լերկ սարերով:
1996թ.-ին դաշնային պաշտոնյաները Կարաբաշը հայտարարել են էկոլոգիական աղետի գոտի: 13 տարի անց այն դուրս է գալիս աղտոտված միջավայր ունեցող քաղաքների ցուցակից: Իսկ թե ինչու` դեռեւս մեծ առեղծված է:
Լուրեր են շրջանառվում, որ «հոգատար» ճապոնացիները ցանկացել են լցակույտերը երկրից դուրս հանել: Իբր թե նրանք գտել են խելացի ճանապարհ ավելորդ թափոնից հանքանյութեր ստանալու համար, փոխարենը ճապոնացիներն առաջարկել են մաքրել եւ վերականգնել Կարաբաշը: Ճապոնացիները սակայն մնացել են ձեռնունայն:
Կարաբաշի փրկիչները կարող էին դառնալ ամերիկացիները: Նախկին նահանգապետ Միխայիլ Յուրեւիչը նրանց հետ բանակցություններ է վարել եւ ամերիկացիները 2014թ. հունվարին ցանկացել են այցելել այնտեղ, սակայն…. Բոլոր համաձայնությունները չեղյալ են համարվել, եւ հավանաբար այդպես էլ կշարունակվի, քանի դեռ 2 երկրների նախագահների միջեւ լարվածություն կա:
Կարաբաշում ամռանը տերեւները դեղնում են, ոչնչանում է այգիների բերքը: Այստեղ մեծ է քաղցկեղային ուռուցքների, էկզեմայի, երիկամի եւ ուղեղի կաթվածի հիվանդությունների հավանականությունը:
Կարաբաշ բառն ունի թուրքական արմատ: Կարա նշանակում է «սեւ», բաշ՝ «գլխավոր»: Այսօրվա Կարաբաշի խորհրդանիշը Լերկ լեռն է: Նախկինում այնտեղ հսկայական ծառեր էին աճում, սակայն աղետը ամեն ինչ ոչնչացրեց: Հիմա լեռան վրա մի խաչ կա՝ «Փրկիր եւ պահպանիր» գրությամբ: Այն ճշգրտորեն արտահայտում է քաղաքի տրամադրությունը: Խոստումներից հոգնած բնակիչները այլեւս ոչ մեկին չեն հավատում՝ ոչ կառավարությանը, ոչ էլ ձեռնարկատերերին: Մնում է միայն հուսալ, որ օրերից մի օր Կարաբաշը կազատվի այդ անեծքից: