Նորություններ

Ղազախստանը չի միանալու ԵՏՄ-ին. «հակաեվրասիական տնտեսական միություն» ձևակերպում Ղազախստանում. Ա. Սաքունցը՝ Ալմաթիում ընթացող համաժողովի մասին

«Ղազախստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բավականին լուրջ մտահոգություններ են արտահայտում՝ կապված Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով մի քանի օրով գտնվում է Ղազախստանում: Արթուր Սաքունցը Ալմաթիում մասնակցում է «Մարդու իրավունքները Եվրասիական միությունում՝ տենդենցներ և հեռանկարներ» թեմայով համաժողովին, որին մասնակցում են քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ ու փորձագետներ:

Ընդհանրապես այս շրջանակներում չեն ողջունում Ղազախստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:

«Մասնակիցներից ոմանք, որոնք ներկայացնում էին Ղազախստանի քաղաքացիական հասարակությունը, բավականին լուրջ մտահոգություններ են արտահայտում՝ կապված Եվրասիական տնտեսական միությանը  անդամակցության հետ: Եղան նաև ընդգծված ելույթներ, համաձայն որոնց  Ղազախստանը չի միանալու ԵՏՄ-ին:  Նրանք նույնիսկ «հակաեվրասիական տնտեսական միություն» ձևակերպում են տալիս, այսօրվա  քննարկումների ժամանակ էլ դեմ են արտահայտվել, որ օգտագործվի «Մարդու իրավունքները ԵՏՄ-ում» եզրույթը»:

Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսպիսով ոչ միայն իրենց կարծիքն են արտահայտում, այլև բնականաբար այն շրջանակների, որտեղ գործում և աշխատում են՝ իրավապաշտպան, քաղաքացիական փորձագիտական շրջանակները:

Համաժողովին մասնակիցներ կան նաև Բելոռուսից և Ղրղզստանից:

«Թե՛ հայ փորձագետների, թե՛ այս երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մոտ ընդհանուր մտահոգություններ են հնչում՝ Կրեմլի կողմից կազմակերպվող մարտահրավերների մասին»,- ասաց իրավապաշտպանը:

Հիշեցնենք՝ Ղազախստանում հակապուտինյան տրամադրությունները սկսեցին խորանալ հատկապես այն բանից հետո, երբ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Սելիգեր» երիտասարդական ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանի տարածքում երբեք պետություն չի եղել:

Գովաբանելով Նազարբաևին՝ Պուտինն ասել էր. «Նա ստեղծել է պետություն մի տարածքում, որտեղ պետություն երբեք չի եղել: Ղազախները չեն ունեցել պետականություն»:

Սրան հաջորդեց  արդեն Նազարբաևի հայտարարությունը, թե Ղազախստանն իրավունք ունի հրաժարվել ԵՏՄ անդամակցումից:

Back to top button
Close