Միջազգային մամուլի տեսություն

Ես 14-ամյա եզդի աղջիկ եմ, ում նվիրել էին ԻԼԻՊ-ի դաշտային հրամանատարին. ահա իմ փախուստի պատմությունը

The Washington Post-ի անկախ թղթակից Մոհամեդ Սալիհը գրի է առել 14-ամյա եզդի աղջկա պատմությունը, ով հասցրել է փախչել ԻԼԻՊ-ի զինյալների գերությունից,  եւ ում, անվտանգության նկատառումներից ելնելով, նա անվանում է Նարին:

«Բացի քրդերենից թարգմանության եւ որոշ խմբագրումներից` պարզության ու ժամանակագրական կարգի համար, միակ բանը, որ ես փոխել եմ հենց իր` Նարինի խնդրանքով, դրանք անուններն են: Սա արված է, որպեսզի պաշտպանեն նրան եւ մյուս զոհերին վրեժից. նրա հարազատներից շատերը դեռեւս գերության մեջ են»,- նշում է Սալիհը նախքան իր հերոսուհու պատմությանն անցնելը:

Ինչպես պատմել է լրագրողին Նարինը, օգոստոսի 3-ին հարազատները զանգել են իր  ծնողներին եւ զգուշացրել ԻԼԻՊ-ի զինյալների մոտեցման մասին: Դրանից հետո նրա ընտանիքը հեռացել է հայրենի գյուղից եւ ուղեւորվել Սինջար լեռը, որպեսզի մնացած եզդիների հետ այնտեղ ապաստանի: Սակայն, երբ նրանք կանգ են առել անապատի օազիսում` ջուր վերցնելու, նրանց շրջապատել են մի քանի ավտոմեքենաներ` ԻԼԻՊ-ի զինյալների համազգեստով մարդկանցով:

Yazidis iraqԸստ աղջկա վկայության՝ զինյալները փախստականներին բաժանել են ըստ սեռի եւ տարիքի: Տարեց տղամարկանց եւ կանանց կողոպտել են ու թողել օազիսում, երիտասարդներին գնդակահարել են տեղում, իսկ աղջիկներին նստեցրել են բեռնատարները եւ  տարել իրենց հետ:

Այնուհետեւ գերիներին 20 օր փակի տակ են պահել Մոսուլում՝ ամեն օր առաջարկելով ընդունել իսլամ:  Ի վերջո պահակախումբն առանձնացրել է ամուսնացած կանանց չամուսնացածներից: «Իմ մանկության ընկերուհուն` Շայմային եւ ինձ նվիրեցին ԻԼԻՊ-ի երկու անդամների: Նրանք ուզում էին մեզ կին կամ հարճ դարձնել: Շայմային հանձնեցին հոգեւորական Աբու Հուսեյնին: Ինձ էլ տվեցին  50-ամյա թխամազ մորուքով մի հաստլիկի, որը կարծես թե բարձր պաշտոն էր զբաղեցնում: Նրան անվանում էին Աբու Ահմեդ»,- պատմում է Նարինը:

«Աբու Ահմեդը, Աբու Հուսեյնը եւ նրանց օգնականն ապրում էին Էլ-Ֆալուջայում` մի տանը, որը նման էր պալատի: Աբու Ահմեդն ինձ անընդհատ ասում էր,  որ իսլամ ընդունեմ, բայց ես նրան չէի լսում: Մի քանի անգամ նա փորձեց ինձ բռնաբարել, բայց ես խույս էի տալիս նրա սեռական ոտնձգություններից: Այդ ժամանակ նա հայհոյում էր եւ ամեն օր ծեծում  ինձ ձեռքերով ու ոտքերով: Նա կերակրում էր ինձ օրը մեկ անգամ: Մենք Շայմայի հետ սկսեցինք քննարկել ինքնասպանության դիմելու միտքը»,- հիշում է Սալիհի զրուցակիցը:

Վեցերորդ օրը Էլ-Ֆալուջայից Աբու Ահմեդն օգնականի հետ գործերով մեկնեց Մուսուլ: Սպասելով մինչ Աբու Հուսեյնը կգնա մզկիթ` երեկոյան աղոթքի, աղջիկները միս կտրելու դանակի օգնությամբ կոտրեցին դռների կողպեքները եւ աբայաներ հագած` փախան Շայմայի զարմիկի ընկերոջ` Մահմուդի մոտ:

tumblr_inline_n9yHBFhf3sFEt1s39hjaՀաջորդ առավոտ Մահմուդն աղջիկներին հանձնեց կեղծ ուսանողական քարտեր եւ տաքսի վարձեց նրանց համար մինչեւ Բաղդադ: Մայրաքաղաքում ընտանիքի ընկերները նոր կեղծ փաստաթղթեր տրամադրեցին եւ ուղարկեցին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք` Իրբիլ: Մեկ օր անց Նարինը միացավ իր ծնողներին:

«Սակայն սրանով վատ լուրերը չավարտվեցին,- շարունակում է Նարինը:- Ես իմացա, որ ԻԼԻՊ-ն օազիսում գնդակահարել է իմ եղբորը: Իմ հարսին` շատ գեղեցիկ մի կնոջ, դեռեւս պահում են Մոսուլում»:

«Ես փորձում եմ հաշտվել կատարվածի հետ: Ես երբեք չեմ կարողանա վերադառնալ մեր փոքրիկ գյուղը, քանի որ մահացած եղբորս մասին հիշողությունը կհետապնդի ինձ: Ինձ նաեւ տանջում են մղձավանջները, եւ օրը մի քանի անգամ ես կորցնում եմ գիտակցությունս, երբ ամեն անգամ հիշում եմ տեսածս կամ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե մենք Շայմայի հետ չփախչեինք»,- նրա բառերն է մեջբերում թղթակիցը:

«Ի՞նչ անեմ: Ես ուզում եմ վերջնականապես հեռանալ այս երկրից: Ես այստեղ այլեւս տեղ չունեմ: Ես ուզում եմ մեկնել ինչ-որ տեղ, որտեղ կկարողանամ ամեն ինչ նորից սկսել, եթե ընդհանրապես դա հնարավոր է»,- իր զգացմունքներով կիսվել է հոդվածի եզդի հերոսուհին:

Back to top button
Close