Նորություններ

«Մենք Սուրիկ Խաչատրյանին պատրաստ չենք ընդունելու ոչ թե որպես մարզպետ, այլ առհասարակ որպես մարդ»․ Էմիլ Բուդաղյան

«Մենք Սուրիկ Խաչատրյանին պատրաստ չենք ընդունելու ոչ թե որպես մարզպետ, այլ առհասարակ որպես մարդ»։

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ավետիք և Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 4-ի կառավարության նիստի ժամանակ ազատվեց մարզպետի պաշտոնից: Կառավարության այս որոշումից հետո որպես հավանական թեկնածու սկսեց շահարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը, ում և այս պաշտոնում փոխարինել էր Վահե Հակոբյանը։

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը կապվում է դեռևս նախորդ տարի հունիսի 1-ին հենց վերջինիս տան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ, ինչի արդյունքում մահացավ Էմիլ Բուդաղյանի որդին՝ Ավետիք Բուդաղյանը։

Էմիլ Բուդաղյանը չնայած նշեց,  որ Սուրիկ Խաչատրյանին առնչվող որևէ թեմայի անդրադառնալ չի ցանկանում, սակայն ամեն դեպքում ընդգծեց․ «Հուսանք այս անգամ նախագահը ողջախոհ կգտնվի և Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում չի նշանակի։ Նույնքան հանցագործություն կլինի և Սուրիկին այդ պաշտոնում նշանակելը»։

Էմիլ Բուդաղյանը նշեց նաև, որ իրենց փաստաբանն այս շրջանում նոր բացահայտումներ ու փաստարկներ է ձեռք բերել՝ որդու սպանության գործի հետ կապված, դրանց մեջ մտնում է Սուրիկ Խաչատրյանի խոհանոցի տեսաձայնագրությունը։

ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե ամեն դեպքում հնարավոր համարո՞ւմ են Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում, Էմիլ Բուդաղյանն արձագանքեց․ «Մենք պետականություն սիրող ընտանիք ենք, պետականություն կայացնող ընտանիք ենք, ինչու պետք է իշխանությունները մեր ընտանիքին դեմ գնային կամ փորձեին մեզ սխալ հանել։ Մենք պետությանը նվիրված մարդ ենք, ու ինձ համար էլ զարմանալի է, թե ինչու ինչ-որ մեկը կամ պետական պաշտոնյան դեմ գնար մեզ»։

Back to top button
Close