Միջազգային մամուլի տեսություն

Լեռնային Ղարաբաղ. ծխացող հակամարտություններն ու Կրեմլը

Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքի կողմից Ռուսաստանը բազմիցս մեղադրվել է նախկին ԽՍՀՄ երկրներն ապակայունացնելու փորձի մեջ` հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը պահպանելու նպատակով,- գրում է BBC-ի հոդվածագիր Պատրիկ Ջեքսոնը:

Լրագրողը գրում է. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ուելսում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց, որ նախագահ Պուտինը կցանկանար ՌԴ հետ հարևան երկրներում երկարաձիգ ծխացող հակամարտություններ ստեղծել նրանց ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ինտեգրմանը խանգարելու համար: Հենց այս պատճառով էլ Ռուսաստանն անեքսիայի է ենթարկել Ղրիմն ու նպաստել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացմանը, հայտարարեց Ռասմուսենը: Նրա խոսքով` Մերձդնեստրը, Հարավային Օսիան ու Աբխազիան հանդիսանում են նման քաղաքականության օրինակներ, որի շրջանակներում իրական լուծում չունեցող տարածքային հակամարտությունները տեղափոխվում են քրոնիկ փուլ, իսկ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը՝ այդ շրջաններում իր խաղաղարար ուժերը տեղակայելով»:

«Շատ քաղաքագետներ այս ցուցակի մեջ են հակված ներառել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, չնայած որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս երկարաձիգ հակամարտությունում ՌԴ դերակատարությունն այդքան էլ ակնհայտ չի թվում: Արժե նկատել, որ Ռուսաստանը հաճախ է ընկալվում նման ծխացող հակամարտությունների գոտում բնակվողների համար որպես բարերար ու պաշտպան, իսկ շատ ռուսներ իրենց պարտավորված են զգում պաշտպանել նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներին»,-գրում է Պատրիկ Ջեքսոնը:

140911114243_russsian-frozen-conflicts_20140905_624_russian_new

Միջամտությունների օրինաչափությունը

Որո՞նք են այն նախանշանները, որ Ռուսաստանը ձգտում է «սառեցնել» այս կամ այն հակամարտությունն ի շահ իրեն: «Գոյություն ունեն որոշակի օրինաչափություններ, որոնք կրկնվում են հարևան երկրների հանդեպ ՌԴ վարքագծում»,- ասում է Ֆիլադելֆիայի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտից ամերիկացի քաղաքագետ Մայքլ Չեսիրը: Վերջինս կարծում է, որ այսպես կոչված հիբրիդային պատերազմներ վարելու միջոցները, որոնք այժմ կիրառվում են Ուկրաինայի արևելքում, նախկինում ևս կիրառվել են հետխորհրդային տարածքի շատ շրջաններում՝ չնայած փոքր ծավալներով:

140910135406_frozen_conflicts_promo_624x351_getty

«Վրաստանում, Մոլդովայում և նույնիսկ Ադրբեջանում Մոսկվան պայմաններ է ստեղծել, որոնք նպաստում են խաղաղ բնակչության շրջանում անջատողական տրամադրություններին: Ծխացող հակամարտությունները ճնշման լծակներ են հանդիսանում, որոնք օգտագործվում են Կրեմլի կողմից այս կամ այն երկրների քաղաքականության վրա ազդելու համար»,- ասում է փորձագետը:

Ինչպես կարծում է ռուս-ամերիկյան հարաբերությունների փորձագետ Իգոր Սուտյագինը, Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են սառեցված հակամարտությունների ՌԴ այս ռազմավարության լավագույն օրինակը:

«Ի սկզբանե այն եղել է ոչ ավելի, քան պատեհապաշտ քաղաքականություն, սակայն այնուհետև Կրեմլը գիտակցեց, որ նման ռազմավարությունը հանդիսանում է օգտակար գործիք ՌԴ քաղաքականության զինանոցում»,- ասում է նա:

Այս օրինաչափությունները դրսևորվում են կերպարների ընտրության մեջ, որոնք ներգրավվում են նման հակամարտությունների մեջ:

Հուլիս ամսին Վլադիմիր Անտյուֆեևը դարձավ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» փոխվարչապետ: Նախկինում ՌԴ հատուկ ծառայությունների այս վետերանը եղել է Մերձդնեստրի պետական անվտանգության նախարար և ունի գեներալ-լեյտենանտի կոչում:

Կոնկրետ ի՞նչ առավելություններ է ձեռք բերում Ռուսաստանը՝ նման մշտական անկայունության գոտիներ ստեղծելով

Նախ և առաջ նման տարածքային հակամարտությունների առկայությունը բացառում է տվյալ պետության անդամակցումը ՆԱՏՕ-ին:

Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պիոնտկովսկին, ով Ռուսաստանում հայտնի է նախագահ Պուտինի ռեժիմի  հանդեպ իր սուր մերժողական դիքորոշմամբ, կարծում է, որ նա իր անձնական շահն ունի Ուկրաինայի հետ հակամարտության պահպանման հարցում:

«Նրա վերջնական նպատակն է հանդիսանում իշխանության ցմահ պահպանումը,- ասել է Պիոնտկովսկին BBC-ի լրագրողի հետ զրույցում:-Ուկրաինան իրավունք չունի բաց տեսակի տնտեսությամբ ժողովրդավարական պետություն դառնալ: Պուտինի տեսանկյունից դա Ռուսաստանի համար ծայրահեղ անցանկալի օրինակ կլիներ»:

Հին քաղաքականությո՞ւնը

«Ղրիմի նկատմամբ նախնական ծրագիրը ենթադրում էր Ուկրաինայի շրջանակներում ինքնավար մարզի ստեղծում,- ասում է Իգոր Սուտյագինը: — Երբ Կրեմլը չկարողացավ դիմագրավել Ղրիմի անեքսիայի գայթակղությանը, այն մեկ այլ հակամարտությամբ փոխարինելու անհրաժեշտություն ստեղծվեց:  Տարածքների անեքսիան չի համապատասխանում Կրեմլի շահերին, քանզի չկարգավորված հակամարտությունները նրան հնարավորություն են ընձեռում ազդել տվյալ պետության քաղաքականության վրա»:

140910135713__77473508_023612247-1

Սուտյագինի տեսակետի համաձայն` 2008  թ․ Վրաստանի հետ պատերազմն ավարտվել է ՌԴ համար ձախողմամբ, քանզի Հարավային Օսիան ու Աբխազիան անկախություն հռչակեցին, որը ՌԴ-ն չէր կարող չճանաչել:

«Վրաստանը ճանաչեց այդ տարածքների փաստացի կորուստը` այդ կերպ Կրեմլին զրկելով ծխացող հակամարտությունն իր օգտին օգտագործելու հնարավորությունից»,- ասում է նա:

Back to top button
Close