Նորություններ

«Հանդիպումներ եմ ունենում թե՛ արմատական ընդդիմության հետ, թե՛ առաջին և երկրորդ նախագահների, նաև՝ իշխանության որոշ ներկայացուցիչների հետ». Գ. Ծառուկյան

Zham.am-ը հրապարակել է  հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: ԳԱԼԱ-ն ներկայացնում է մի հատված այդ զրույցից.

Ի՞նչ խնդիրներ եք դուք այսօր լուծում քաղաքական դաշտում և ո՞րն է դրանցից ամենակարևորը Ձեզ համար:

— Ես տեսնում եմ խնդիրներ և պատրաստ եմ դրանք լուծել պետության մեջ` երկրի համար, ժողովրդի համար: Բայց ես երբեք չեմ մտել և չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առևտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում:

Ես շատ լավ գիտեմ Հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճիշտ հասկացեք, ինձ համար դա օտար և անհետաքրքիր զբաղմունք է:

Եթե ես քաղաքական դաշտում մտածեի անձնական շահի մասին, ապա ես ընդհանրապես չէի մտնի քաղաքականություն: Ես շատ հանգիստ կարող էի ապրել միայն իմ, իմ ընտանիքի, իմ մերձավորների համար: Ի՞նչն էր ինձ խանգարում. ոչ մի բան:

Բայց, տեսնելով, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան, տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ է ապրում, մարդիկ թողնում են իրենց տները, հեռանում օտար երկրներ, հուսահատությունն ու անարդարությունը մեծ է երկրում, ես չկարողացա անտարբեր մնալ, ես չուզեցի մի կողմ քաշվել ու ապրել միայն ինձ համար: Սա է քաղաքական դաշտում լինելու իմ միակ դրդապատճառը:

— Բայց Ձեր բարձր ժողովրդականությունը, բարձր վարկանիշը պարտավորեցնող են, և գաղտնիք չէ, որ հասարակության և քաղաքական դաշտի զգալի հատվածը առաջիկա փոփոխությունները կապում են նաև ձեր անձի հետ:

— Ընդհանրապես մարդու հեղինակությունն ու հարգանքը ձեռք է բերվում աշխատանքով ու կենսագրությամբ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական վարկանիշին, ապա ես դրա մասին շատ չեմ մտածում: Ես աշխատում եմ մարդկանց չխաբել, իմ սկզբունքներից չհրաժարվել, քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում պայմանավորվածություններ չխախտել:

Եվ երևի ամենակարևորը` ես չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ես իշխանություն չեմ ուզում, որ փող աշխատեմ, հարստություն դիզեմ, իմ բարեկամներին աշխատանքի տեղավորեմ:

Ես շատ լավ գիտեմ մեր երկրի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ մեր երկրի տնտեսությունը, ես շատ լավ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եվ վերջապես` ես պատկերացնում եմ, թե այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպես պետք է լուծել: Ես լավ գիտեմ սփյուռքի գործարար հնարավորությունները, և գիտեմ, թե ինչպես պետք է դա ի շահ մեր երկրի օգտագործել, ես գիտեմ, թե ինչպես կարելի է օտարերկրյա խոշոր ներդրումներ բերել Հայաստան ու նոր աշխատատեղեր, նոր հնարավորութուններ ստեղծել երկրում:

— Կոնկրետ ի՞նչ քայլեր եք պլանավորում դուք և ԲՀԿ-ն:

— Նախ, ես հպարտ եմ, որ կարողացել եմ ձևավորել գրագետ քաղաքական թիմ ԲՀԿ-ում, և այսօր ԲՀԿ-ի բարձր հեղինակությունը պայմանավորված է նաև այդ մարդկանց աշխատանքով: Նշեմ, որ մեր կուսակցության մեջ տիրում է խնդիրները քննարկելու ազատ մթնոլորտ: Եվ որոշումները կայացվում են հենց այդ մթնոլորտում խնդիրները քննարկելուց հետո: Եվ մենք կարևորում ենք նույնանման քննարկումները այլ քաղաքական ուժերի և հասարակական խմբերի հետ:

Մոտակա ժամանակներում ես պլանավորում եմ քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ` քաղաքական կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ հիմա կա նման հանդիպումների անհրաժեշտությունը: Եվ ակնհայտորեն կա նման ցանկություն շատերի մոտ:

Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս հանդիպումները շատ կարևոր են` մոտեցումների հստակեցման, տեսակետների փոխանակման և առաջիկա անելիքների քննարկման համար:

— Մեր երկրի, ժողովրդի խնդիրները քիչ էին, հիմա էլ դրվում է Սահմանադրական փոփոխութունների հարցը: Ձեր տեսակետը ո՞րն է:

— Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու:

— Սովորաբար, երբ ձեր քաղաքական հակառակորդները ձեր դեմ որևէ վատ բան են ուզում գրել, կամ ձեր շուրջ անվստահություն առաջացնել` ասում են, որ դուք երբեմն հանդիպումներ եք ունենում իշխանության որոշ ներկայացուցիչների հետ: Եկեք խոսենք դրա մասին և այս հարցը մեկընդմիշտ փակենք:

— Ես հանդիպումներ եմ ունենում շատ շատերի հետ: Թե’ արմատական ընդդիմության հետ, թե’ հասարակական ակտիվիստների, թե’ քաղաքագետների, առաջին և երկրորդ նախագահների, Հայաստասնում հավատարմագրված դեսպանների հետ: Ես հանդիպումներ ունենում եմ նաև իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, և ես դա համարում եմ շատ կարևոր:

Օրինակ, ես չէի կարող սահմանին լարվածության ժամանակ չզանգել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, չհետաքրքրվել իրավիճակով և չհայտնել իմ պատրաստակամությունը` ցանկացած հարցով աջակցելու:

Ես անհրաժեշտության դեպքում հանդիպում եմ Սերժ Սարգսյանին: Իրենից եմ ճշտում իր տեսակետները որոշ խնդիրների նկատմամբ, ներկայացնում եմ իմը: Ձևակերպում եմ իմ մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ:

Մենք նույն երկրում ենք ապրում, մի փոքր երկրում, որն ունի բազմաթիվ խնդիրներ: Եվ քննարկելն ավելի լավ է, քան` չքննարկելը: Չքննարկելուց երկրի ու ժողովրդի համար ոչ մի խնդիր չի լուծվում:

Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու: Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետևից խոսեն: Ես ուզում եմ` մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն` այդ ավանդույթը կոտրելու:

Երբ ես ասում եմ միմյանց վիրավորելու, վարկաբեկելու անթույլատրելիության մասին, հասկանալի է, որ ես նկատի չունեմ քննարկելը, բանավիճելը, տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունենալը, քննադատելը: Բայց դա պետք է լինի առարկայական, փաստերով: Ես պատրաստ եմ ինքս լսել ու ընդունել ցանկացած հիմնավոր հակառակ կարծիք ու քննադատություն:

— Իմ վերջին հարցը վերաբերում է ոչ իշխանական ուժերի քառյակի հեռանկարին: Դուք լավատե՞ս եք, թե՞ ոչ այնքան: Եվ որո՞նք են լինելու անձամբ ձեր քայլերը:

— Ես հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից: Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով:

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա որքան էլ ես կարևորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարևորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, և որը է’լ ավելի է ուժեղացնելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:

Մանրամասներն՝ այստեղ:

Back to top button
Close