Նորություններ

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նոր անդամը անտեղյակ է կուսակից ընկերների անվայելուչ պահվածքից

Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով նաեւ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, մեր լրագրողի հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվել: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Հովհաննես Սահակյանն այլեւս Էթիկայի հանձնաժողովի նախագահը չէ, նա նաեւ հանձնաժողովի անդամ չէ:

ՀՀԿ խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արփինե Հովհաննիսյանին: Վերջինս մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրումն արդեն իսկ նշանակում է, որ ՀՀԿ-ն իրեն տեսել է որպես Էթիկայի հանձնաժողովի անդամ:

Արփինե Հովհաննիսյանին  լրագրողներից մեկը հարցրեց,  թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ ոչ կոռեկտ պահվածք են դրսեւորում եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնում լրագրողների հասցեին: Հիշեցնենք՝ հենց քառօրյայի մեկնարկի օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գեւորգյանը, ինչպես նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը աչքի էին ընկել իրենց ոչ կոռեկտ բառապաշարով:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, թե մամուլի հրապարակումներին եւ տեսանյութերին չի հետեւել հարգելի պատճառներով: «Արդեն չորրորդ օրն է՝ ես նախագծեր եմ զեկուցում և դեռևս ամբիոնի մոտից որևէ տեղ չեմ հեռացել: Ճիշտն ասած կոնկրետ ձեր ասած դիվագի հետ կապված ես կոնկրետ տեսանյութերը չեմ տեսել: Ինչ վերաբերում է ընդհանրապես Էթիկայի հանձնաժողովի լիազորություններին, եթե հիշում եք, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախկինում լսումներ էր նախաձեռնել միջազգային փորձագետների մասնկացությամբ, որոնք խոսում էին էթիկայի կանոների ընդլայնման և լիազորությունների որոշակի փոփոխման մասին: Այս պահի դրությամբ ես իրավասու չեմ նման որևէ հայտարարությամբ հանդես գալ, բայց անկասկած կարծում եմ, որ ընդհանրապես էթիկայի հանձնաժողովներին վերաբերող նորմերն անընդհատ կատարելագործման կարիք ունեն»:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ինքն իր տեսակետը կհայտնի այն ժամանակ, երբ ծանոթանա հրապարակումներին եւ նաեւ տեսանյութին:

Back to top button
Close