Միջազգային

Սեպտեմբերի 11-ից 13 տարի անց. Մանհեթենը վերածնունդ է ապրում

Ներքին Մանհեթենի Գրինվիչ փողոցում, որտեղ 13 տարի առաջ զոհվեց 2983 մարդ, հիշողությունը վերադառնում է: Սեպտեմբերի 11-ի հիշատակի թանգարանի դիմաց երկու հսկայական լողավազանները նման են երկու սև ջրվեժների: Սև մարմարը՝ ջրի հոսքի տակ: Յուրաքանչյուր լողավազանի հատակում մեկ սև ջրհոր, որը գնում է դեպի գետնի խորքը: Ջրի հոսանքները տանում են դեպի անվերջություն, այնտեղ, որտեղ եղել են Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու աշտարակների հիմքերը, որոնք հողին են հավասարեցվել ահաբեկիչների կողմից 2001 թ. սեպտեմբերի 11-ին:

911-world-trade-center-hit-c49f39391adb4dd7

«Շատերն անգամ հույս չունեին, որ այս շրջանում նորից կյանքը կվերադառնա»,- նշել է Լարի Սիլվերսթին վերջերս կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Սիլվերսթին 99 տարով պայմանագիր է կնքել այն հողատարածքի համար, որտեղ տեղակայված է եղել Համաշխարհային առևտրի կենտրոնը նախքան 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և այդ ժամանակվանից հենց նրան է պատկանում շինարարական աշխատանքների իրավունքը: Իսկ այժմ սա քաղաքի ամենապահանջված շրջաններից է: Այստեղ գնալով ավելի շատ մարդիկ են գալիս բնակվելու: Գրասենյակները զբաղեցնում են ընկերությունները, որտեղ աշխատում են երկրի ու աշխարհի ամենաստեղծագործ մարդիկ:  Բացվում են նոր ռեստորաններ, ծաղկում են նոր զբոսայգիներ»:

september-11-anniversary-4be812d25b9aed89

Նոր շինհրապարակի մակերեսը կազմում է 16 ակր (6.5 հա): Երբ շինարարական աշխատանքներն ավարտվեն, որն ակնկալվում է մինչ 2015 թ. վերջը կամ 2016 թ. սկզբին, այստեղ կլինեն 4 երկնաքերեր, տրանսպորտային հանգույց, զբոսաշրջիկների համար տաղավար, հիշատակի թանգարան և հուշահամալիրը` երկու լողավազաններով ու զոհվածների անուններով, որոնք փորագրված են այդ լողավազանի մարմարե եզրերին: Ողջ համալիրի արժեքը կազմում է 30 միլիարդ դոլար:

4-րդ աշտարակը` Four World Trade Center Tower-ը, պաշտոնապես բացվել է այցելության ու վարձակալության պայմանագրերի համար անցած տարվա վերջին: Այս տարվա վերջին իր դռները կբացի One World Trade Center Tower-ը` արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը: Դրա բարձրությունը կազմում է  խորհրդանշական 1,776 ֆուտ (541 մետր): 1776 թ. ստորագրվել  է ԱՄՆ Անկախության մասին հռչակագիրը:

«Երբ ժամանում եմ այդ թաղամաս, հպարտության զգացողություն եմ ունենում,- «Ամերիկայի ձայնին» պատմել է Սքոթ Ռեքլերը` Նյու Յորքի ու Նյու Ջերսիի նավահանգստային վարչության ներկայացուցիչը, հենց այս կազմակերպությունն է ապահովում տրանսպորտային հաղորդակցությունը Նյու Յորքի ու դրա հարակից Նյու Ջերսի նահանգների շրջանների միջև: Թաղամասը լի է կյանքով, և սա նրանց համառության նշանն է, ովքեր մասնակցել են դրա շինարարական աշխատանքներին: Նախկինում սա եղել է պարզապես կառույց, այժմ այն կենդանի քաղաքային օրգանիզմ է: Մենք բոլորս զգում ենք, որ վերածնունդ է տեղի ունեցել»:

September 11 Anniversary-2

Նյույորքցիների քանակը, ովքեր այստեղ բնակարան են գնել կամ վարձել, 13 տարիների ընթացքում 3 անգամ մեծացել է: Այստեղ նոր դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվել: «Այս նախագծում չափազանց կարևոր էր համբերատարությունը,- ասել է Լիբեսկինդը:- Չէ՞ որ հասկանալ է պետք, որ Ներքին Մանհեթեն է տեղափոխվել ապրելու 60 հազար մարդ: Նյու Յորքն ամբողջությամբ վերափոխվել է: Ես ցանկանում էի իսկական բնակելի միկրոշրջան ստեղծել, և ինձ մոտ ամեն ինչ ստացվեց: Սա Նյու Յորքի իսկական կենտրոնն է, իսկ միգուցե նաև ողջ Ամերիկայի»:

Երեկոյան քաղաքի վրա, ինչպես արդեն արվում է տարիներ շարունակ, կբարձրանան երկու լույսի սյուներ` «Հիշողություն լույսի ներքո» անվամբ նախագծի շրջանակներում: Դեպի սև երկինք գնացող լուսարձակների լույսը հիշեցում է փլուզված շենքերի ու մարդկային զոհերի մասին:

Back to top button
Close