Նորություններ

Փ. Հայրապետյանը չի ցանկանում առերեսվել Ա. Սուքիասյանի հետ. «Ես պահանջում եմ առերեսում Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի հետ»

Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներկայացնելով օֆշորի սկանդալի նոր զարգացումները, նշեց, որ առերեսումը Փայլակ Հայրապետյանի և իր պաշտպանյալ Աշոտ Սուքիասյանի միջև դեռ տեղի չի ունեցել։ Իսկ թե երբ տեղի կունենա՝ պարզ չէ:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանին Վրաստանից Հայաստան արտահանձնեցին հունիսի 19-ին։ Արտահանձնումից հետո տեղեկություն տարածվեց, թե վերջինիս հարցաքննությունից անմիջապես հետո տեղի է ունենալու առերեսումը։ Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, թե առերեսումը պետք է տեղի ունենար դեռևս օգոստոսի 15-ին։

Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրի Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով առերեսումը տեղի չի ունեցել, քանի որ  մյուս կողմը՝ Փայլակ Հայրապետյանը, ինչ-ինչ անձնական խնդիրներ է ունեցել եւ չի ներկայացել  առերեսմանը: Այդ իսկ պատճառով հետաձգվել է:

Սակայն հույս հայտնեց, որ առերեսում անպայման տեղի կունենա: «Առերեսումներն արվում  են սովորաբար երկու այն անձանց միջև, որոնց միջև կան էական հակասություններ։ Տվյալ դեպքում, կարծում եմ, որ  Աշոտ Սուքիասյանի և Փայլակ Հայրապետյանի միջև առերեսում տեղի կունենա»։

Ինչ մնում է հարցին, թե ՀՀ   նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվելու են, թե ոչ, փաստաբանն ասաց, որ այդ անձինք գործի հետ կապ չունեն եւ միայն նրանց կապելով գործին՝ փորձում են իր պաշտպանյալի վիճակը ավելի բարդացնեն:

«Իմ պաշտպանյալը նախկինում ասել է, մանրամասն ցուցմունք է տվել և փոփոխություն չկա։ Աշոտ Սուքիասյանը բացահայտ կերպով խոսել է այդ մասին։ Ուզում են այլ անձանց կապելով իմ պաշտպանյալի վիճակը  ավելի բարդացնեն՝ դա է միակ նպատակը»։

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանն ավելի վաղ ցուցմունք էր տվել եւ ասել, որ ինքը ցանկացել է Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին լավություն անել: Այդ իսկ պատճառով նրանց անուններով ընկերություն է բացել, որ հետագայում «սյուրպրիզ» անի իր մտերիմ անձանց:

Սուքիասյանն իր ցուցմունքերում նշել էր, որ նշված անձինք որևէ կապ չունեն իր կողմից բացված ընկերության հետ։

Ինչ վերաբերում է սկանդալի նոր զարգացումներին, փաստաբանը նշում է, որ Աֆրիկայի դատական համակարգից փաստաթղթերը պահանջել են, արդեն քննության են ներկայացրել, և անշուշտ քննությունը տեղի է ունենալու։

«Աշոտ Սուքիասյանը դիմել է, որ իր նկատմամբ օրենքներ են խախտել և պետական ռեգիստրում փաստաթղթեր չեն ձևակերպում, կան շատ այլ հարցեր, որոնք դեռ քննության պետք է ենթարկվեն, պարզաբանման շատ հարցեր կան։ Մենք՝ որպես պաշտպանական կողմ, այդ ամենը ներկայացրել ենք, որտեղից երևում է, որ Աշոտ Սուքիասյանը ոչ թե գումարներ է մսխել, այլ ինքն էլ փոխանցած գումարներ ունի, որոնց դիմաց ոչ հումք են տվել, ու ոչ էլ գումարներն են վերադարձրել»։

ԳԱԼԱ-ն զրուցել է նաեւ գործով տուժող համարվող սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի հետ: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չի ներկայացել Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման, Փայլակ Հայրապետյանը պատճառաբանեց. «Որովհետեւ Աշոտն ընդամենը գործիք է»:

Փայլակ Հայրապետյանն ասաց նաեւ, որ ինքը կարծում է, որ օֆշորային սկանդալի գլխավոր դերակատարները Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն են:

«Գլխավոր դերակատարներն այդ երկուսն են, ու ես պահանջում եմ հանդիպում կամ առերեսում Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի հետ, մեկ էլ էն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի՝ Ներսես Երիցյանի հետ»,- ասաց Փ. Հայրապետյանը:

Ավելին
Back to top button