Նորություններ

Հովհաննես Սահակյանը կհրաժարվի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով նաեւ ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահն է,   պատրաստվում է հրաժարվել Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:  Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը` Հովհաննես Սահակյանը: «Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը հագեցած է, բայց ասեմ, որ ինքս, ամենայն հավանականությամբ, իհարկե դա մեր ֆրակցիայում պետք է քննարկեն,  Էթիկայի հարցերով հանձնաժողովի անդամ չեմ լինի, առավել եւս նախագահ: Բայց ես մի փոքր  վերլուծություն եմ պատրաստել վերջին հրապարակումների հետ կապված` «Մանդատ» ՀԿ-ի կողմից, որն իրականացվել է, որտեղ հստակ նշված է, թե Էթիկայի հանձնաժողովը ինչ գործունեություն է ծավալել եւ ինչ որոշումներ է կայացրել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Ինչո՞ւ է Հովհաննես Սահակյանը որոշել հրաժարվել Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ԳԱԼԱ-ի այս հարցին Հովհաննես Սահակյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Հանձնաժողովը բավականին ծանրաբեռնված է, եւ չեմ կարծում, որ այդ աշխատանքն է, որ պետք է մատների արանքով նայել»:

Այնուամենայիվ քանի դեռ Հովհաննես Սահակյանը շարունակում է մնալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հարցրեցինք, թե ինչպես է վերաբերվում, որ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ դրսեւորում են պատգամավորին ոչ հարիր պահվածք եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնում լրագրողների հասցեին: Նաեւ օրինակ բերեցինք՝ Հովհաննես Սահակյանին հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանն իրեն տեսանկարահանող լրագրողներին դիմել էր «արա»-ով, կամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը «դավայ…» էր ասել իրեն հարց ուղղող լրագրողներին: «Եկեք չմասնավորեցնենք, մեկի համար «արա»-ն կարող է վիրավորական արտահայտություն լինի, մյուսի համար վիրավորական չլինի»,- եղավ Հովհաննես Սահակյանի պատասխանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ խորհրդարանում մշտապես աչքի են ընկնում ոչ կոռեկտ պահվածքով եւ հայհոյախառն բառեր են օգտագործում: Այդպիսի պատգամավորների շարքին են դասվում ՀՀԿ-ականներ Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Մանվել Բադեյանը, Նահապետ Գեւորգյան, գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը: Ի դեպ, մեկ անգամ չէ, որ լրագրողները դիմել են ԱԺ Էթիկայի հանձնաժողով, սակայն հանձնաժողովը գրեթե միշտ մերժել է լրագրողների դիմումները կամ պահանջը կատարել մասամբ:

Հիշեցնենք, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հովհաննես Սահակյանը նշանակվեց այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հրաժարվեց այդ պաշտոնից:  Վերջինիս կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո Հովհաննես Սահակյանը նշանակվեց նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Back to top button
Close