Միջազգային

Հրապարակվել է Դոնեցկի մարզում վթարի ենթարկված Boeing 777-ի կործանման վերաբերյալ զեկույցը

Անվտանգության հարցերով նիդերլանդական խորհուրդը հրապարակել է Ուկրաինայում Malaysia Airlines ավիաընկերության օդանավի կործանման պատճառների մասին նախնական զեկույցը,- գրում է gazeta.ru-ն: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ օդանավը մասերի է բաժանվել օդում: Ավիավթարի պատճառ է անվանվել «արտաքին ազդեցության պատճառով կառուցվածքային մասնատումը»:

Մասնագետները հայտարարել են ավիավթարի պատճառների հավելյալ հետաքննության անհրաժեշտության մասին: «Boeing 777 կործանման գործում հայտնվել են հավելյալ ապացույցներ»,- ասվում է փաստաթղթում: Նաև նշվում է, որ զեկույցը հանդիսանում է նախնական, հետաքննության վերջնական արդյունքները կհրապարակվեն  օդանավի կործանումից հետո մեկ տարվա ընթացքում:

Անվտանգության հարցերով նիդերլանդական խորհուրդը հաղորդել է, որ զեկույցն ուղարկվել է հետաքննությանը մասնակցող երկրներին, այդ թվում նաև Ուկրաինային ու Ռուսաստանին, այդ երկրներից արդեն «արձագանք ստացվել է». թե ինչպիսի արձագանք, դեռևս չի հաղորդվում:

Հիշեցնենք` հուլիսի 17-ին Կուալա Լումպուրից Ամստերդամ թռչող Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 –ը կործանվել էր Դոնեցկի մարզի Գրաբովո գյուղի մոտերքում: Ավիավթարի զոհն  է դարձել 298 մարդ:

Back to top button
Close