Նորություններ

Զինծառայողին ինքնասպանությա՞ն են դրդել. գործով առայժմ մեկ ձերբակալված կա

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը։ Զինծառայողը Երեւանի բնակիչ է, նա ազգային բանակ է զորակոչվել Մաշտոցի զինկոմիսարիատից:

Ըստ ՊՆ քննչական վարչության տվյալների՝ ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով/ ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ է պարզվել նախաքննությամբ, դեպքին այլ անձինք եւս մասնակից  եղե՞լ են, ու հնարավո՞ր է հետագայում դարձյալ մարդիկ ձերբակալվեն: «Մեկ հոգի է ձերբակալված այս պահի դրությամբ, նախաքննությունը շարունակվում է, եւ ես այս պահին չեմ կարող ասել, էլի մարդ կձերբակալվի, թե ոչ, ամեն բան կպարզվի հետագայում»,-ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Back to top button
Close