Նորություններ

Ըստ իրավապաշտպանի՝ դատախազությունը փորձում է կոծկել զինվորի մահվան իրական փաստերը

Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել, սեպտեմբերի 8-ին ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող 1992թ. ծնված շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը։

Ինչպես հետո պարզվեց, զինծառայողը Երեւանի բնակիչ է, նա ազգային բանակ է զորակոչվել Մաշտոցի զինկոմիսարիատից:

Նրա մահվան հանգամանքների վերաբերյալ վարկածներ առայժմ չեն շոշափվում, քրեական գործ եւս դեռեւս հարուցված չէ:

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս փաստի առթիվ  քրեական գործ հարուցված չէ:

«Հիմա կատարվում է նախաքննություն։ Կհարուցվի քրեական գործ, եւ մենք այդ մասին հայտարարություն կտարածենք»։ Մեր հարցադրմանը, թե կասկածյալներ կա՞ն, քննչական ծառայությունից պատասխանեցին, որ առայժմ  նման տեղեկություններ չկան:

Ըստ «Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի, դա տարօրինակ է, քանզի առանց քրեական գործի հարուցման նախաքննություն չեն սկսում, չկա հարցաքննության և դիակի զննություն կատարելու իրավունք։

«Դա սովորական չէ, երբ նման դեպք է տեղի ունենում, անցնում են ժամեր ու հայտարարում են, թե քրեական գործ չի հարուցվել։ Կրկնում եմ՝ առանց քրեական գործ հարուցելու իրենք իրավունք չունեն ոչ նախաքննություն կատարելու, ու ոչ էլ դիակի զննություն կատարելու, և  ոչ էլ հարցաքննություններ անցկացնելու, իսկ այդ ամենը գործի համար հրատապ են ու պարտադիր։ Այսինքն եթե հիմա ասեն՝ հա, քրեական գործը հարուցվել է, հարցնելու եք, թե ինչ հոդվածով, դրա համար էլ ասում են ուղղակի չի հարուցվել»։

Իրավապաշտպանը նշում է, որ դիահերձմանը պետք է ներկա գտնվի փորձագետ՝ մեկնաբանելով․ «Եթե լռենք ու դիահերձումն էլ այդպես անցնի՝ առանց փորձագետի ներկայության, իրենք գուցե և հակառակ կողմի պահանջով քրեական գործ հարուցեն կամ ինչպես սովորաբար այս դեպքերում է լինում, ինքնասպանություն ձևակերպեն, զենքի հետ անփույթ վարվելու արդյունք և այլն»։

Ռուբեն Մարտիրոսյանի հավաստմամբ  քրեական գործը հարուցվել է, ուղղակի այդ մասին դեռ չեն բարձրաձայնում․ «Այսինքն, ըստ իս, դատախազությունը դեռ չի որոշել, թե ինչպես է կոծկելու գործը, դրա համար էլ մինչև հիմա քրեական գործ հարուցված չի, համենայնդեպս նրանք են այդպես ասում։ Գործը կկոծկվի, ես չեմ կասկածում։ Գիտեք իրականում քրեական գործը վաղուց արդեն հարուցվել է ։ Այս պահին գործի հետ կապված մանրամասներ եմ փորձում ճշտել։ Ցավոք, բոլոր սպանված զինվորների ծնողները առաջին օրը գտնվում են անասելի, աննկարագրելի ծանր վիճակում և չեն կարողանում կողմնորոշվել ու միայն հետագայում են այսպես ասած սթափվում և հաճախ է արդեն ուշ լինում»։

Back to top button
Close