Էբոլա վիրուսի համաճարակը գնալով կսաստկանա. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է
Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկման պատճառով մահացու վիրուսով կարող է վարակվել ավելի քան 20 հազար մարդ,- հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Կազմակերպության տվյալներով` վարակվածների իրական թիվը կարող է 4 անգամ գերազանցել 3 հազար թիվը, այսինքն այն մարդկանց, որոնց մոտ պաշտոնապես այս վիրուսն է ախտորոշված: ԱՀԿ-ն նաև կոչ է արել ավիաընկերություններին վերականգնել «առավել կարևոր» չվերթները տարածաշրջան, քանի որ տեղաշարժման սահմանափակումները սպառնում են համաճարակի դեմ պայքարի գործին:
Ընդհանուր առմամբ Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գվինեայում և Նիգերիայում վիրուսն արդեն 1552 մարդու կյանք է խլել: ԱՀԿ-ն կոչ է անում հիվանդության դեմ պայքարի համար 489 միլիոն դոլար հատկացնել: 9 ամիս տևող արշավին անհրաժեշտ է ներգրավել 750 միջազգային ու 12 հազար տեղացի մասնագետների:
Սա Էբոլայի հայտնաբերումից հետո վիրուսի ամենազանգվածային համաճարակն է: Նիգերիայում հայտնաբերվել է Լագոսա քաղաքի սահմաններից դուրս մահացու ելքով առաջին դեպքը: Վարակված բժիշկը իր մահկանացուն է կնքել Պորտ-Հարկորտ քաղաքում:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոններում կարծում են, որ Արևմտյան Աֆրիկայում համաճարակը գնալով կսաստկանա: ԱՄՆ առողջապահության նախարարության աշխատակից Թոմ Ֆրիդենը հայտարարել է, որ հիվանդության դեմ պայքարի համար աննախադեպ ջանքեր կպահանջվեն: Ինչպես նշում են ԱՀԿ ներկայացուցիչները, սա պատմության մեջ Էբոլա վիրուսի համաճարակի ամենամասշտաբային դեպքն է: