Նորություններ

Ի՞նչ մասնակցություն է ունեցել Գ. Խաչատրյանի եղբորորդին «Շառլոտ» գիշերային ակումբի ծեծկռտուքին

ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 26-ին կեսգիշերին մոտ Բաղրամյան պողոտայում գտնվող «Շառլոտ» գիշերային ակումբում թեժ վիճաբանություն է տեղի ունեցել հարկայինի մի քանի պաշտոնյաների, Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանի մասնակցությամբ, որն ավարտվել է ծեծկռտուքով: Ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:

Ըստ ԳԱԼԱ-ի ստացած տեղեկությունների՝ հաճախորդները, ովքեր հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, նրանց թվում նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, նախ վիճաբանության են բռնվել ակումբի տերերի հետ, որը հետո վերածվել է ծեծկռտուքի:

Աղբյուրը նույնիսկ որոշակի մանրամասներ է փոխանցում ծեծկռտուքից, թե սկզբում Կարեն Խաչատրյանն ու կոլեգաները վիճաբանել են ակումբի աշխատակիցների հետ, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նրանց նկատմամբ, հետո նրանց հետ զրուցելու են եկել ակումբի տերերը:

Վերջիններս հաճախորդներին զգուշացրել են հանգիստ պահել իրենց, եւ երբ տեսել են, որ գործը հասնում է ծեծկռտուքի, անվտանգության աշխատակիցների միջոցով ակումբի բոլոր հյուրերին դուրս են հրավիրել, ներսից կողպել են դռներն ու ծեծի ենթարկել հարկայինի աշխատակիցներին:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց որոշ տեղեկություններ.

«Օգոստոսի 26-ին միջադեպ է եղել «Շառլոտ» գիշերային ակումբում, ծեծկռտուք է սկսվել, գիշերային ակումբի մոտից ծեծկռտուքի մասնակցելու կասկածանքով քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչպես նաեւ ակումբի սառնարանի ապակե դուռն է վնասվել: Ներկա պահին հետաքննությունը շարունակվում է:  4-5 հոգի տարվել են ոստիկանություն՝ Ռոբերտ Գ., Անդրանիկ Ա., Գարիկ Մ, Ջանիբեկ Մ.»:

Մեր այն հարցին, թե տեղեկություններ ունենք, որ վիճաբանողները հարկային ոլորտի աշխատակիցներ են, տեղեկությունը արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, Ա. Մալխասյանը պատասխանեց, որ ինքը արդեն անուններ հրապարակել է եւ ավելին ասել չի կարող:

Հարցրինք նաեւ, թե հավաստի՞ է արդյոք այն, որ ծեծկռտուքին մասնակցել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին, եւ արդյո՞ք բերման ենթարկված քաղաքացիների մեջ նաեւ Կարեն Խաչատրյանն է եղել, պարոն Մալխասյանը դարձյալ ոչ մի նորություն չհայտնեց.

«Ես թվարկեցի անուններ: Եթե լիներ, կտայի նաեւ այդ անունը, այս պահին էդքան են բերման ենթարկվել, հետաքննությունն ընթանում է»:

ՀՀ ֆինանսների նախարարությունից եւս փորձեցինք ճշտել տեղեկությունը. ծեծկռտուքի մասնակիցները հարկայինի աշխատակիցնե՞ր են եւ ի՞նչ մասնակցություն է ունեցել նախարարի եղբորորդին:

Ֆինանսների նախարարությունից խնդրեցին հարցը ձեւակերպել գրավոր եւ խոստացան պատասխանել: Հարցերի գրավոր պատասխանը ստանալուց հետո ԳԱԼԱ-ն կհրապարակի նաեւ ֆինանսների նախարարության պատասխանը:

Հիշեցնենք, որ մամուլը Կարեն Խաչատրյանի՝ նույն ակումբում ծեծկռտուքի մասնակից լինելու մասին գրել էր նաեւ 3 տարի առաջ՝ 2011 թ.-ի մարտ ամսին: Այն ժամանակ, ըստ հրապարակումների, վիճաբանություն սկսվել էր Գ. Խաչատրյանի եղբորորդու եւ քրեական հեղինակություններից մեկի միջեւ, որը վերածվել էր ծեծկռտուքի: Միջադեպի մասնակիցներին տարել էին ոստիկանություն եւ կարճ ժամանակ անց բաց թողել:

Back to top button
Close