«Վրաստանը բնականաբար չի ուզենա, որ Հայաստանը լուսանցքից դուրս մնա, ճզմվի…»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, ամփոփելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, տեսակետ հայտնեց, որ ամեն դեպքում վիզային ռեժիմի հարցը կարևոր է և դրան անդրադարձ կլինի, սակայն արդեն այլ ֆորմատի հանդիպման շրջանակներում:
ԳԱԼԱ-ի հետ Շիրակ Թորոսյանի ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
-Մինչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կգար Հայաստան, մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ երկու երկրների վարչապետները հանդիպման շրջանակներում քննարկելու են վիզային ռեժիմի հարցը: Սակայն, ինչպես տեսանք, այդ հարցին անդրադարձ չեղավ: Ի՞նչն էր պատճառը, հնարավոր է, որ վարչապետներն այդ հարցով ընդհանուր հայտարարի գալ չկարողացան:
-Քանի որ խնդիրը ծագեց հետ այս օրերին, բնականաբար, քաղաքագիտական շրջանակներում առաջացավ կարծիք, որ վարչապետները հանդիպման շրջանակներում կքննարկեն այդ հարցը: Խնդիրն իհարկե կարևոր է, և կարծում եմ, որ այդ խնդրին անդրադարձ կլինի անպայման և կլինի այլ ձևաչափով, այլ հանդիպումների շրջանակներում:
-Այսինքն ամեն դեպքում այդ անդրադարձը վիզային ռեժիմի կլինի՞:
-Այո, անպայման դա կլինի, որովհետև դա այնուամենայնիվ խնդիր է և միայն Հայաստանի խնդիրը չէ, ըստ երևույթին դա նաև Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրն է, քանի որ այդ երկրներն էլ սերտ կապեր ունեն Վրաստանի հետ, և այդ երկրների քաղաքացիները ևս խնդիրների առաջ են կանգնելու:
-Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ վարչապետները չանդրադարձան և անվտանգության թեմային: Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում արդյոք այդ անդրադարձը կարևոր չէր լինի:
-Գիտեք, նման հարցերը բաց քննարկումների թեմա չեն: Տարածաշրջանային անվտանգության խնդիրները Վրաստանի հետ քննարկվել են, քննարկվում են և, վստահ եմ, նաև կքննարկվեն: Մենք Վրաստանի հետ ունենք ռազմատեխնիկական լուրջ համագործակցություն, տարածաշրջանային անվտանգության ոլորտում լրջագույն համագործակցություն, և դրանք համապատասխան կառույցների մակարդակով են իրականացվում: Այդ քննարկումները և պայմանավորվածությունները ձեռք են բերվում հենց համապատասխան կառույցներում, իսկ բաց քննարկումների ժամանակ այդպիսի հարցեր սովորաբար չեն քննարկվում: Վրաստանի համար ամենևին էլ ձեռնտու չէ, որ թուրք-ադրբեջանական գործոնը գերակշռող դառնա տարածաշրջանում:
-Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ՊՆ-ները Նախիջևանում հանդիպեցին: Այս հանդիպումը որևէ կերպ կարո՞ղ է ազդեցություն ունենալ հարևան երկրների հարաբերությունների վրա:
-Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են ամեն առումներով, նրանց բոլոր քայլերը միտված են Հայաստանի դեմ, ահա սա նրանց ձգտումն է: Այս ամբողջի մեջ նրանք կցանկանան ներքաշել և Վրաստանին, սակայն Վրաստանն ունի իր ուրույն շահերը: Վրաստանը բնականաբար չի ուզենա, որ Հայաստանը լուսանցքից դուրս մնա, ճզմվի, և Վրաստանի ամբողջ խնդիրն այն է, որ կարողանա երաշխավորել իր անվտանգությունը Ռուսաստանի հնարավոր ոտնձգություններից: