Մեկնաբանություն

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչը փորձում է բացահայտել Ռուսաստանի «ցինիկ եւ կեղտոտ խաղը» տարածաշրջանում՝ Իգոր Մուրադյան

«ԱՄՆ Կոնգրեսի այս արձագանքն ադրբեջանական ագրեսիային բացատրվում է ոչ միայն ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպության գործունեությամբ, այլեւ Վաշինգտոնի այն ընկալմամբ, որ  այդ ագրեսիան միանգամայն համատեղելի է եւ համապատասխանում է Ռուսաստանի շահերին»,- անդրադառնալով  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլ Ռոյսի հայտարարությանը՝ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ»  կոմիտեի նախկին անդամ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը:

Հիշեցնենք՝ Ռոյսը շփման գծում վերջին բախումների հարցում որպես մեղավոր մատնանշել էր Ադրբեջանին եւ հայտարարել, որ Օբամայի վարչակարգը պետք է գործի՝ խրախուսելու համար հրադադարի վերականգնումը եւ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա:

Սա, վերլուծաբանի համոզմամբ, պետք է դիտել որպես  Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելուն ուղղված գործողությունների մաս: Բացատրում է հետեւյալ կերպ. «Գրեթե հասկանալի է, որ Ռուսաստանը ցինիկ եւ կեղտոտ խաղ է խաղում՝ փորձելով իրեն ներկայացնել որպես Հարավային Կովկասում իրավիճակի «փրկիչ» եւ դրանով ցույց տալ իր ներկայությունը տարածաշրջանում: Դրա հետ միասին բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի ագրեսիայի ներկայիս դադարը ժամանակավոր բնույթ ունի, եւ շուտով Ռուսաստանը հասկացնել կտա, որ ժամանակն է բարձրացնել զինված հակամարտության հաճախակիությունը, որը ազդանշան կլինի Ադրբեջանի համար»: Իսկ դա, Իգոր Մուրադյանի համոզմամբ, միանգամայն ձեռնտու է Ռուսաստանին, որը, ըստ նրա, չափազանց շահագրգռված է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ակտիվացմամբ: «Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում  նպաստող հանգամանք կլինի Ռուսաստանի համար»,- վստահեցնում է նա:

Իսկ ԱՄՆ-ն, նրա համոզմամբ, սկսել է Հարավային Կովկասում եւ Սեւ ծովում ծրագրերի զարգացումն ու մշակումը եւ չի կարող Ռուսաստանին թույլ տալ  նույնիսկ ձեւացնել, որ նա է «ղեկավարում» իրավիճակը տարածաշրջանում: «Ամեն դեպքում ԱՄՆ-ի այս քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանից Հայաստանի կախվածության թուլացմանը: Կարող եք  վստահ լինել, որ ԱՄՆ-ի այս քաղաքականությունն իր տարածաշրջանային ռազմավարության մաս է հանդիսանում եւ շարունակություն կունենա»,- համոզմունք է հայտնում Իգոր Մուրադյանը:

Back to top button