Նորություններ

«Ցինիզմը չափ ու սահմանի չունի». Լուսինե Բադալյանը` Տարոն Մարգարյանի հայտարարության մասին

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով նաեւ եղել է տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների շարքում, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցին, որով քաղաքապետը փաստում էր, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացումն անխուսափելի է: Մեզ հետ զրույցում Լուսինե Բադալյանը նշեց. «Իմ գնահատականը չի փոխվում, որովհետեւ այս մի քանի ամիսների ընթացքում պարզապես ոչինչ չի փոխվել մեր երկրում, որ ասեմ սոցիալական վիճակը այնքան է բարելավվել, կամ ինչ-որ մի բան արվել է մարդկանց համար, ինչի դեպքում տրանսպորտի գնի թանկացումը կարող էր ինչ-որ տեսակետից արդարացի լիներ, քանի որ ոչ մի բան չի եղել, ես շարունակում եմ մնալ իմ դիրքորոշմանը ու առնվազն կարծում եմ, որ սա ստորություն է ժողովրդի հետ այսպես վարվելը, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ տրանսպորտից օգտվում են խոցելի խավի ներկայացուցիչները, այսինքն, միեւնույն է, այն մարդիկ, որոնց համար 50 դրամի տարբերությունը առանձնապես չկա, այդ մարդիկ տրանսպորտից առանձնապես չեն էլ օգտվում, բայց այն մարդիկ, ովքեր օգտվում են, կոպեկ-կոպեկ հաշվարկված են օգտվում, այսինքն` ավելի ծանրաբեռնել այդ մարդկանց վիճակը. .. մի կողմից 10-20 դրամով հիմնական սննդամթերքն է թանկանում`իբրեւ թե աննկատ , մյուս կողմից էլ ասենք 50 կամ 100 դրամով էլ տրանսպորտը ու այս ընթացքում էլ ոչինչ չի արվում, ոչ աշխատավարձերն են բարձրացնում, ոչ թոշակները, կարծում եմ, որ դա ոչ մի նորմալ, քաղաքակիրթ բառերով ես չեմ կարող նկարագրել ուղղակի»:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի` տրանսպորտի վիճակը 90-ական թվականների հետ համեմատելուն, ապա ըստ Լուսինե Բադալյանի. «Ես տրանսպորտից սկսել եմ օգտվել վերջին մեկ տարվա ընթացքում, դրանից առաջ տրանսպորտից օգտվել եմ ուսանողական տարիներին, իսկ դա 90-ակաների վերջ, 2000 թթ սկիզբն է եղել, բացարձակ ոչ մի տարբերություն չկա տրանսպորտի մեջ, այսինքն` վերջին 15-17 տարիների ընթացքում բացարձակ: Ինչ վերաբերում է 90-ականների հետ համեմատելը, մութ եւ ցուրտ տարիների հետ համեմատելը, դա էլ հերթական անգամ ժողովրդի զգացմունքների հետ խաղալու նման մի բան է: Ցինզիմը էլ չափ ու սահման չունի, որովհետեւ մարդիկ խոսում են քաղաքական գործիչների աշխատավարձերի բարձրացման մասին, այդ աշխատավարձերի հաշվին թող տրանսպորտի գինը պահեն նույնը»:

Հեռուստահաղորդավարը անդրադարձավ նաեւ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի այն հայտարարությանը, թե 50 դրամի համար աղմուկ հանելը նսեմացնող է:

«Ես հակված եմ կարծելու, որ պարոն Վարդազարյանը ըստ երեւույթին ինչ-որ ուրիշ բան է ցանկացել ասել, ուրիշ բան է հասկացվել, հուսով եմ համենայնդեպս որովհետեւ ավելի նսեմացնել այդ ժողովրդին ուղղակի տարբերակ չկա: 50 դրամի համար պայքարը… եթե մարդիկ 20 դրամի հացի գնի բարձրացման համար են պայքարում, դա մի՞թե ժողովրդի վիճակն է նսեմացնում»:  Բադալյանը ծիծաղելի է համարում նաեւ այն հանգամանքը, երբ փորձում են զուգահեռներ անցկացնել Հայաստանի եւ եվրոպական երկրների միջեւ: «Այո, այնտեղ տրանսպորտը իսկապես շատ թանկ է, բայց ուղղակի շատ ծիծաղելի է, որովհետեւ հաշվի չեն առնում, որ այնտեղ միջին աշխատավարձը Եվրոպայում հասնում է 2000 եվրոյի , իսկ Հայաստանում հասնում է 50-ի: Իրենք ինքնախաբեությամբ են զբաղված, այսինքն` իրենք իրենց համոզում են եւ մտածում են, որ նորմալ է` ժողովրդին էլ կարելի է համոզել, բայց այդպես չէ»:

Լուսինե Բադալյանը վստահ է, որ թանկացումը անխուսափելի է, եւ որ ավելին, քաղաքային իշխանությունները մտածում են այնպես բարձրացնել, որ այս ամիսների այսպես ասած վնասը կարողանան հետ բերել: «Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք պայքարում հաղթեցինք ու 100 դրամ դարձավ, ես այն ժամանակ էլ ասացի, որ հաջորդ անգամ այդպես չի լինելու, նրանք կբարձրացնեն 200 դրամ, որպեսզի միանգամից սրա տեղն էլ հանեն: Այսինքն` սա կանխատեսելի էր, նրանք այնպիսի քայլ չեն անում, որ կանխատեսելի չլինի, ամեն ինչ կանխատեսելի է, այնքան պարզ ու պարզ` բառիս ամենավատ իմաստով աշխատում են այդ մարդիկ, որ շատ կանխատեսելի է ամեն ինչ եւ զարմանալի չէ` նրանք այս ամիսների տեղը հանելու են»:

Փայլակ Ֆահրադյան

Back to top button