Քաղաքապետարանը նոր ճանապարհը կառուցում է մարզամշակութային համալիրի ավտոկայանատեղիների հաշվին

Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող մայրուղու կառուցումը մասամբ կատարվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրի ավտոկայանատեղիի տարածքի հաշվին: Ճանապարհը անհրաժեշտ է եւ Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված, սրանում համալիրի համահեղինակ ճարտարապետները կասկած չունեն, սակայն կողմ չեն, որ այն կառուցվի ավտոկայանատեղիի տարածքի հաշվին, որը հետագայում լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել:
Այս մասին զրուցել ենք համահեղինակ ճարտարապետներից մեկի՝ Գուրգեն Մուշեղյանի հետ, ով համոզված է, որ ճարտարապետական որոշ անհամապատասխան լուծումներ կլինեն նոր ճանապարհի կառուցման պարագայում: «Այդտեղ շատ մեծ շքամուտք է, շքամուտքի առջեւի հրապարակն այդ պարագայում չի համապատասխանում այն ենթակառուցվածքների վիճակին, որ այսօր տեղի է ունենում»,- նշեց ճարտարապետը՝ հիշեցնելով նաեւ, որ ճանապարհն իր ամբողջ ծավալով չի կառուցվում, այն պետք է շարունակություն ունենա աջ, ձախ կողմերից եւ ուղիղ. «Հանգույց է կառուցվում Լենինգրադյանի համար, էդ հանգույցը բոլոր դեպքերում չի կարող լուծել խնդիրները, որովհետեւ տարբեր կատեգորիայի ճանապարհներ են: Այդ առումով լուծված են ուղղությունները, բայց դրանք ինչքանով կնպաստեն երթեւեկության դյուրինությանը կամ դյուրին կլինեն, թե ոչ, թե երթեւեկության խնդիրներ կառաջացնեն, խոսքն այս մասին է»,- նշեց Գուրգեն Մուշեղյանը:
Իսկ հարցին, թե նախագծելու ընթացքում քաղաքապետարանը հաշվի չի՞ առել ճարտարապետների կարծիքը, Մուշեղյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում հարաբերությունների մեջ մտնել: Ես, որպես ճարտարապետ, քաղաքային խնդիրների իմաստով նույնիսկ չեմ հիմնավորում, թե դա սպորտային համալիրն է, թե ինչ է: Խոսքը քաղաքային միջավայրին է վերաբերում, որ ունենա ճիշտ լուծում»:
Ճարտարապետը համոզված է, որ մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ լուրջ խնդիրներ կառաջանան ինչպես մեքենաների կայանման, այնպես էլ այլ հարցերում: Մինչեւ այժմ էլ շահագործվել է, եղել են անհարմարություններ, հիմա էլ նոր ճանապարհի նմանատիպ լուծմամբ՝ կառուցումով խնդիրը կմնա: «Անկախ նրանից՝ շահագործվել է, չի շահագործվել, կարող է 5000 կամ 10 հզր մարդ են հավաքվել, յոլա են գնացել, միջոցառում են անցկացրել, հարմարվել են, դա չի նշանակում, որ լավ է, որ հարմարավետ է: Խոսքը դրա մասին է, որպեսզի դա հարմարավետ լինի բոլոր առումներով, խնդիրը լուծվի: Կարող է այսօր իրավիճակն այնպիսին է, որ ստիպված նման քայլերի են դիմում ֆինանսական վիճակից ելնելով, ժամանակից ելնելով»,- ասաց Գուրգեն Մուշեղյանը:
Այսօր ճարտարապետները հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հետ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, թե քաղաքապետարանը որքանով հաշվի կառնի ճարտարապետների կարծիքները, հետո պարզ կդառնա: Նշենք նաեւ, որ մյուս հեղինակները եւս դեմ են արտահայտվել ճանապարհի կառուցման հաստատված նախագծին: «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը եւս համաձայն չէ նման լուծմանը, նա մեզ հետ զրույցում նշեց. «Ճանապարհաշինությանը կողմ եմ, պարզապես դա պետք է նորմատիվ բոլոր փաստաթղթերի հետ համաձայնեցվի, դա ճարտարապետական տեսքի հետ կապ չունի, այլ մոտեցումների հետ է կապված»:
Նկատի ունենալով ֆինանսական խնդիրները, որով քաղաքապետարանը պատճառաբանել է ճանապարհի նման լուծումը, ճարտարապետները եզրակացնում են. «Կարող է կան գործոններ, որ ավելի լուրջ են, քան այսօր մեր կողմից ասվում է: Դա մտածելակերպի հարց է, մենք պարտավոր ենք արտահայտել մեր կարծիքը, իսկ որոշողը քաղաքապետարանն է»:
Վարդուհի Արզումանյան