Նորություններ

Հարկերն աճել են ոչ թե Հովիկ Աբրահամյանի հայտարարած ստվերի դեմ պայքարի արդյունքում, այլ գնաճի հաշվին

Այս տարվա առաջին կիսամյակում հարկ վճարող կազմակերպությունների կողմից հավաքագրված հարկերի ցուցանիշն աճել է մոտ 3,8 տոկոսով կամ 12 մլրդ դրամով: Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարում էր ստվերից դուրս գալու եւ տնտեսական առողջ հարաբերությունների մասին: Արդյո՞ք հարկերի աճը դրա հետեւանք է, թե այլ տնտեսական գործոններով է պայմանավորված:

Հարկերի աճը կարող է լինել նախ տնտեսական աճի, ապա՝ գնաճի արդյունք: Այս դեպքում Հայաստանում հարկերն ավելացել են նույնքանով, որքան գնաճ է արձանագրվել: Տնտեսագետ Հայկ Գեւորգյանը օրինակներով է խոսում ու վստահեցնում, որ դա կատարել է ոչ թե կառավարությունը, այլ քաղաքացին.

Hayk Gevorgyan
Հայկ Գեւորգյան

«Աճն իրենց վրա հիմնականում կրել են «Գազպրոմ Արմենիան» եւ ՀԷՑ-ը: Դա պայմանավորված է նրանով, որ մենք, վճարելով ապրանքի դիմաց, սակագնի մեջ մտնում է նաեւ ԱԱՀ-ն, որը գնում է ուղիղ պետական բյուջե: Այսինքն՝ եթե մենք վճարում էինք 132 դրամի դիմաց ԱԱՀ, հիմա վճարում ենք 156 դրամի դիմաց: Մենակ դրա հաշվին հարկերը զգալիորեն աճ են գրանցել, եթե չեմ սխալվում՝ 4,5 մլրդ:

Ես, դուք, բնակչությունը, տնտեսությունը, իրենք են վճարել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների մեջ ներառված ԱԱՀ-ն»:

Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղում Ղ-Տելեկոմն էր, որի հարկերը եւս նվազել են, չեն ավելացել նաեւ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների հարկերը, տնտեսագետը մանրամասնում է. «Ալեքս-Գրիգի» մոտ աճ է նկատվել՝ շեշտակի, բայց «Ալեքս-Գրիգի» քույր կազմակերպությունը՝ «Սամ-Սեր գրուպը» նվազեցրել է հարկերը, այսինքն՝ Ալեքսանյանին պատկանող ընկերությունների վճարած հարկերը էականորեն չեն աճել»:

Շատ էական նվազել են հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարած հարկերը, ինչն ինձ համար անհասկանալի է: Իրենք ասում են, թե պայմանավորված է միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկմամբ, բայց գների անկումը քիչ է եղել, չպետք է այդքան ազդեր գների հարկերի վրա»:

Այսինքն՝ հարկերի զգալի աճ չկա,  իսկ ընդամենը 3,8 տոկոսը համահունչ է գնաճին: «Եթե գները աճում են, ավտոմատ աճում են նաեւ հարկերը, այսինքն՝ եթե կառավարությունը ոչինչ չանի, միայն գնաճի հաշվին հարկերը կավելանան, եթե դուք հաց եք գնում, վճարում եք 100 դրամ, դրանից ԱԱՀ է գնում պետությանը, մեկ տարի հետո վճարում եք 110 դրամ, ԱԱՀ-ն եւս աճում է, դրանում ոչ մի ֆոկուս չկա: Ըստ էության հարկերը չեն աճել Հայաստանում»:

Իսկ կառավարության նոր ղեկավարի խոստումների իրականացման մասին խոսք լինել չի կարող, գոնե առաջին կիսամյակին ստվերի կրճատում չկա, անգամ հուլիս ամսվա ցուցանիշները դրական չեն:

«Ինչ վերաբերում է հուլիսին, թվերը դեռ այս պահին հրապարակված չեն, կա մի հայտարարություն ընդամենը, որ հայտարարել է Գագիկ Խաչատրյանը, որ 3,8 տոկոսով աճել են հուլիսի հարկերը, դա նույնքան է, որքան առաջին կիսամյակում: Եթե իրենց հռչակած ստվերի դեմ պայքարը գոնե կիսով չափ հաջողված լիներ, ապա հարկերի աճը պետք է կազմեր մոտ 15 տոկոս:  Հուլիսի մեկից պիտի հաշվենք ստվերից դուրս գալու էֆեկտը, դա ընդամենը 3,8 տոկոս տնտեսական աճի է հանգեցրել, իսկ եթե կիսով չափ հաջողվեր Հովիկ Աբրահամյանի՝ ստվերից դուրս գալու հայտարարված քաղաքականությունը, ապա հարկերը պետք է աճեին առնվազն 15 տոկոսով, որովհետեւ ստվերը Հայաստանում գնահատվում է 30-40 տոկոս, եթե կիսով չափ դուրս գա ստվերից, ապա 15 տոկոս աճ պետք է լիներ»:

Back to top button