ՀՀ առողջապահության նախարարը մեկնաբանում է Երեւանում գրանցված մայրամահացության դեպքը

ԳԱԼԱ—ն օրերս անդրադարձել էր օգոստոսի 2-ին Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Երեւանի բնակիչ Սյուզաննա Իսրայելյանի մահվան փաստին: Կինը մահացել էր 4-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ, հարազատների խոսքերով, անհայտ պատճառներից:
28-ամյա Սյուզաննայի մահվանից հետո բժիշկները որեւէ կերպ չեն կարող բացատրել, թե ինչ է պատահել եւ ինչպես է եղել, որ կինը մահացել է, այն էլ երեխան ծննդաբերելուց հետո: Իսկ նորածինը դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: Սյուզաննայի հարազատներին զարմացնում է նաեւ այն փաստը, որ օգոստոսի երկուսից առ այսօր նորածինը գտնվում է հիվանդանոցում, եւ նրա վիճակի մասին անգամ բժիշկները նորմալ չեն իրազեկում հարազատներին, թե ինչ խնդիրներ կան:
Կատարվածի առնչությամբ ԳԱԼԱ-ին որոշ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ նախնական կլինիկական ախտորոշման համաձայն՝ 28-ամյա կնոջ մոտ եղել է պտղաջրային էմբոլիա, բայց վերջնական պատկերը եւ գործողությունների հաջորդականությունը պարզ կդառնա, երբ պատրաստ լինի իրավապահ մարմինների կողմից նյութերի հավաքագրումը:
«Այսօր գտնվում է իրենց տիրույթում եւ պետք է սպասենք իրենց վերջնական եզրակացությանը»,- ասաց նախարարը:
Նշենք, որ մահացած կնոջ մոր խոսքով՝ աղջիկը առողջական որեւէ խնդիր չի ունեցել եւ ուշաթափվել է միայն ծնարանում, որտեղ հղի կնոջը պահել են ժամեր շարունակ: Այս առնչությամբ նախարարը նշեց. «Ես չեմ կարող մեկնաբանել նեղ մասնագիտական խնդիրները, թե ինչպես է եղել, համոզված եմ, որ իրավապահ մարմինները այդ հարցերին պատասխաններ կտան շատ հստակ, նեղ մասնագիտացված հարցերին այսօր չենք կարող պատասխանել, պետք է սպասենք ամբողջ գործի քննարկմանը եւ նրանց եզրակացությանը»:
Առողջապահության նախարարից նաեւ հետաքրքրվեցինք, թե կա՞ արդյոք վիճակագրություն մայրամահացության դեպքերի հետ կապված եւ արդյո՞ք գերակշռում են բժշկական սխալի հետեւանքով գրանցված մահերը:
Արմեն Մուրադյանը ի պատասխան նշեց, թե ամբողջ աշխարհում մայրամահացության դեպքերը բնութագրում են երկրի առողջապահական համակարգի զարգացվածությունը:
«Եվ պետք է ասեմ, որ տարիների մեջ դինամիկ ցուցանիշներով մեզ մոտ նկատվում է իջեցում այդ տոկոսային հարաբերությամբ: Մենք չենք կարող առայժմ համեմատվել Եվրոպական միության երկրների հետ, բայց ԱՊՀ երկրների համեմատ մեր ցուցանիշները անհամեմատ ավելի լավ են»,- նշեց առողջապահության նախարարը: Միեւնույն ժամանակ, ըստ Արմեն Մուրադյանի, յուրաքանչյուր նման դեպք եւ ողբերգություն է, եւ բավականին լուրջ վերլուծության առիթ է համակարգի համար: Արմեն Մուրադյանը փոխանցեց, որ մայրական մահացության հետ կապված առողջապահության նախարարությունում գործում է մշտական հանձնաժողով, ուր ամփոփվում եւ քննարկվում են յուրաքանչյուր դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները՝ անկախ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններից: