Նորություններ

Չորրորդ երեխան ծննդաբերելուց մահացած 28-ամյա կնոջ մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն

ԳԱԼԱ-ն օրերս անդրադարձել էր օգոստոսի 2-ին Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Երեւանի բանակիչ Սյուզաննա Իսրայելյանի մահվան փաստին: Կինը մահացել էր 4-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ՝ հարազատների խոսքերով՝ անհայտ պատճառներից:

28-ամյա Սյուզաննայի մահվանից հետո բժիշկները որեւէ կերպ չեն կարող բացատրել, թե ինչ է պատահել եւ ինչպես է եղել, որ կինը մահացել է, այն էլ երեխան ծննդաբերելուց հետո: Ավելի վաղ հանգուցյալի մայրը՝ տիկին Հասմիկ Հովհաննիսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել էր, որ գրեթե մինչեւ վերջ աղջկա կողքինէ  եղել, նա նորմալ ճնշում է  ունեցել, իրեն շատ լավ է զգացել եւ միայն այն բանից հետո, երբ գնացել են խանութ ծննդկանի համար սնունդ գնելու, հետ են վերադարձել ու իմացել, որ Սյուզաննա Իսրայելյանը մահացել է:

Սյուզաննայի հարազատներին զարմացնում է  նաեւ այն փաստը, որ օգոստոսի երկուսից առ այսօր նորածինը գտնվում է հիվանդանոցում, եւ նրա վիճակի մասին անգամ բժիշկները նորմալ չեն իրազեկում հարազատներին, թե ինչ խնդիրներ կան:

28-ամյա Սյուզաննա Իսրայելյանի հարազատները կարծում են, որ կատարվածը բժշկական անփութության հետեւանք է: Հարազատների խոսքերով՝ ծնունդն ընդունել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Արեն Գյոզալյանը:

«Երեխայի վիճակը կամաց- կամաց նորմալանում է, ասել են պետք է սպասենք: Երեխան ուտում է, քաշը նորմալանում է, բայց դուրս չեն գրում»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց նորածնի տատիկը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ինքը երեկ փորձել է հանդիպել երեխայի ծնունդը ընդունած մանկաբույժի հետ, սակայն չի հաջողվել: «Ինքը այնտեղ չէր, որպեսզի պարզեինք, թե երբ են դուրս գրելու: Էլի եմ գնալու, որ պատասխան տան: Երեխային տեսել եմ, արդեն ակվարիումի մեջ չէր»,- ասաց տիկին Հասմիկը: Նա նշեց, որ իր աղջկա մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն, հարազատները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

«Մտա հիվանդանոցի տնօրենի մոտ, ասեց ես հիմա ոչ մի բան չեմ կարող անել այդ բժշկի հետ: Ասեցի ինքն է մեղավոր, ինքը նշեց, թե պիտի սպասենք արդյունքներին եւ ըստ դրա՝ ես նրան կպատժեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց 28-ամյա աղջկա մայրը: Հասմիկ Հովհաննիսյանը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենին փոխանցել է նաեւ այն, որ իր աղջիկը առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, եւ որ երեք երեխաների ծննդաբերությունը նորմալ է ընթացել:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում եւ արդյո՞ք երիտասարդ կնոջ մահվան պատճառը բժշկական անփութության հետեւանք է: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց, որ  բոլոր նմանատիպ հարցերը իրավական հարթությունում են կարգավորվում, եւ հետեւաբար նախարարությունը գնահատական տալ չի կարող: «Բայց նախարարությունում մշտապես գործում է մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդ, որտեղ քննարկվում են բոլոր մայրական մահացության դեպքերը, եւ սովորաբար բոլոր մայրամահացության դեպքերի ժամանակ նախարարի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվում, ուսումնասիրվում են թե կազմակերպական առումով, եւ թե մասնագիտական առումով ինչ քայլեր են արվել, չափորոշիչները պահպանվե՞լ են, թե ոչ: Բայց եթե գործը իրավական հարթությունում է, մենք այդ ուսումնասիրությունները հրապարակելու իրավունք չունենք»,- ասաց Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Սյուզաննա Իսրայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր ծնարան տեղափոխելուց հետո:

Back to top button