Միջազգային

Boeing 777-ի կործանման վայրում քողարկված աշխատել են ռուս փորձագետներ ու զինվորականներ

Մալազիական  Boeing 777 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում 4 օր շարունակ քողարկված աշխատել են ՌԴ-ից  զինվորականներ ու մասնագետներ:

Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գենադի Զուբկոն:

«Զոհված ուղևորների եւ անձնակազմի անդամների դիերը շոգ եղանակին ընկած են եղել դաշտի մեջ, սակայն փրկարարները չեն կարողացել նրանց դուրս բերել, քանի որ դեպքի վայրում քաղաքացիական անձանց տեսքով աշխատել են մասնագետներ ՌԴ-ից»,- նշել է նա:

«4 օր շարունակ նման բարձր ջերմաստիճանի տակ քայքայվել են մարմինները, դուրս բերելու հնարավորություն չի եղել: Եվ  այժմ մենք ապացույց ունենք, որ քաղաքացիական անձանց կերպարով այնտեղ էին ռուս զինվորականներ ու փորձագետներ, որոնք վերլուծել են ու մտածել, թե ինչ պետք է ասեն»,- հայտարարել է Զուբկոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ եթե Ռուսաստանը մինչ հուլիսի 22-ը չազդի ռուսամետ զինյալների վրա, որպեսզի կործանված Boeing 777 վայր հետաքննիչների մուտքն ապահովվի, ապա Մոսկվայի համար դա լավ հետեւանքներ չի ունենա:

Back to top button