Միջազգային

Մալազիական «Boeing»-ի զոհերին չեն կարողանում Խարկով տեղափոխել

Մալազիական «Boeing»-ի կործանման հետեւանքով զոհվածների դիերը գնացքով Խարկով ուղարկելու գործընթացը հետաձգվում է երկաթգծի վնասված հատվածի պատճառով,- հաղորդում է ԵԱՀԿ հատուկ առաքելության խոսնակ Մայքլ Բոչուրկիվը:

«Մեզ ասել են, որ դա պետք է այսօր քննարկեն: Կան երկաթգծի վնասված հատվածների հետ կապված բարդություններ»,- ասել է Բոչուրկիվը այսօր կայացած բրիֆինգի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե հայտնի՞ է արդյոք` երբ զոհվածների դիերը տեղափոխող գնացքը Խարկով կուղարկվի:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը մալազիական ավիաընկերությանը պատկանող Boeing-777 օդանավը, որը Ամստերդամից Կուալա Լումպուր էր մեկնում, կործանվել էր: Օդանավում 298 մարդ էր գտնվել, այդ թվում նաև 85 երեխա ու օդանավի անձնակազմի 15 անդամները:

Կիևի իշխանությունները «ահաբեկչության» մեջ մեղադրել են ռուսամետ զինյալներին, իսկ նրանք հայտարարել են, որ չունեն նման միջոցներ, որոնցով կկարողանային ինքնաթիռ խփել նման բարձրության վրա:

Back to top button