Մալազիական ինքնաթիռի աղետը հանգեցրել է «մեղադրանքների պատերազմի»

Արտասահմանյան մամուլը քննարկում է Դոնեցկի մարզի երկնքում մալազիական ավիաուղիներին պատկանող Boeing-ի կործանումը, որն Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռչում: ԱՄՆ հետախուզական մարմինները ֆիքսել են «երկիր-օդ» հրթիռի մեկնարկը եւ ինքնաթիռի պայթյունը: Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների՝ սա հաստատում է, որ օդանավը հավանաբար խփվել է, սակայն հաստատել ողբերգության մեղավորին դեռ հնարավոր չէ: Ուկրաինայի արեւելքում հակամարտության մեջ ներգրավված կողմերը մեղադրանքներով են փոխանակվում: Մամուլը խորհում է, թե ինչպես այս ողբերգական միջադեպը, որը «Պուտինին անկյուն է քշել», «կփոխի խաղի կանոնները»: Time-ի բացառիկ նյութում «անջատողականների առաջնորդը հայտարարում է, որ ապստամբները MH17 բորտը չեն խփել»:

Օլեգ Ցարեւը` ԴԺՀ առաջնորդներից մեկն ասել է, որ ապստամբները մալազիական ինքնաթիռը չեն խփել, գրում է թղթակից Սայմոն Շուստերը: «Մենք չունենք այնպիսի զենք, որը կկարողանա ինքնաթիռներ խփել այդպիսի բարձրության վրա»,- հրատարակչությանը տված հարցազրույցում ասել է Ցարեւը:
«Բայց ընդամենը երեք շաբաթ առաջ նրանք ունեին այդպիսի զենք: Հունիսի վերջին ռուսական պետական լրատվամիջոցները շնորհավորել էին ապստամբներին իրենց ամենաթարմ ռազմական ձեռքբերման` ռուսական արտադրության «Բուկ» հրթիռային համակարգի համար, որը գրավել էին ուկրաինական օդուժի բազայից»,- գրում է թերթը:
«Երեւում է, որ ապստամբներն արագորեն գործարկել են նոր հրթիռները: Վերջին օրերի ընթացքում ուկրաինական խփված ինքնաթիռները դարձել են գրեթե սովորական երեւույթ»,- գրում է հեղինակը:
Երբ լրագրողները Ցարեւին հարցրել են «Բուկ»-երի մասին, նա ասել է. «Ձեզ համար ես այլեւս տեղեկություն չունեմ» եւ հեռախոսն անջատել է, պնդում է հրատարակչությունը:
The Wall Street Journal-ը Դոնեցկի շրջանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարին անդրադառնում է երկու հոդվածներով: ԱՄՆ հետախուզական մարմինները հաստատել են, որ մալազիական օդանավը հավանաբար խփվել է, բայց անհամաձայնության են եկել հրթիռի մեկնարկային կետի եւ ողբերգության պատասխանատուների հարցի շուրջ:
Ըստ ամերիկյան անանուն պաշտոնյայի` ԱՄՆ-ի հետախուզական մարմինները հետեւել են «երկիր-օդ» հրթիռի մեկնարկին եւ ինքնաթիռի պայթյունին: «Սա հաստատում է, որ, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռը խփվել է: Պաշտոնյան ասել է, որ տվյալների նախնական գաղտնազերծումը` հավաքված ԱՄՆ-ի կողմից, բավարար չէ հստակ սահմանելու հրթիռի տեղակայման վայրը, որից կրակել են, այնպես որ, պատասխանատվության շուրջ դեռ որոշ կասկածներ կան»,- առաջին նյութում հաղորդում է լրագրող Ջուլիան Է. Բարնսը:
Մի շարք պաշտոնյաներ կարծում են, որ Ռուսաստանը ներգրավված է ինքնաթիռի խփման մեջ. կամ անուղղակիորեն` անջատողականներին աջակցության միջոցով, կամ նա ինքն է հրթիռն արձակել: «Բոլոր ճանապարհները, այս կամ այն առումով, տանում են դեպի ռուսները»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Ինչպես երկրորդ նյութում հաղորդում են լրագրողներ Փոլ Սոնը, Ալան Քյուլիսոնը եւ Ջուլիան Է. Բարնսը, հինգշաբթի երեկոյան Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ` Մոսկվային ուղղված խիստ քննադատությամբ: «Այդ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայում ճգնաժամի համատեքստում, որը խթանվում է Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների կողմից, այդ թվում, զենքով, տեխնիկական միջոցներով եւ վերապատրաստմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Սպիտակ տունը հրադադարի կոչ է արել, որպեսզի հնարավոր լինի հետաքննություն իրականացնել եւ հավաքել զոհերի մնացորդները: Ընդ որում, անջատողականներն անմիջապես վթարի վայր են ուղարկել իրենց աշխատակիցներին, իսկ ուկրաինական իշխանությունները դժգոհում են, որ իրենք չեն կարող հասնել այնտեղ, գրում է թերթը: Սա կարող է լրջորեն ազդել քննության ընթացքի վրա, մտահոգություն են հայտնում ուկրաինական պաշտոնյաները:

Աղետը հանգեցրել է «մեղադրանքների պատերազմի»: Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն պնդում է, որ ապստամբները ՀՕՊ հրթիռների մարտկոցներ են տեղակայել Սնեժնոյե քաղաքի մոտ: Մինչ այդ, ԴԺՀ ղեկավարները կտրականապես հերքում էին վթարում իրենց ներգրավվածությունը: «Ինքնաթիռը խփվել է ուկրաինացիների կողմից: Մենք պարզապես չունենք նմանատիպ համակարգեր»:
Ըստ The New York Times-ի` ողբերգությունը կարող է ամրապնդել հակառուսական տրամադրվածությունն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:
«Օբամայի վարչակազմն արդեն պատրաստել է լրացուցիչ պատժամիջոցներ, որոնք կարող են արագ կիրառվել, եթե Օբաման այդպես որոշի»,- ասվում է հոդվածում:
«Մինչ Օբաման դեռ հստակորեն չէր ձեւակերպել իր դիրքորոշումը, նրա նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրապարակավ արտահայտել է այն, ինչ վարչակազմի պաշտոնյաները մասնավոր կերպով են ասում»,- նշում են հեղինակներ Փիտեր Բեյքերը եւ Մայքլ Դ. Շիրը:
«Թվում է, թե աճում է այն բանի գիտակցումը, որ դա հնարավոր է ռուսական ապստամբներն են եղել»,- հայտարարել է նա:
«Դադարեցրե՛ք այս խելագարությունը: Հենց հիմա»,- կոչ է անում շվեյցարական Tagesanzeiger հրատարակության տեսաբան Ցիտա Աֆֆենտրանգերը: Դեռեւս չի կարելի բացառել եւ «ոչ մի կողմին. նման հրթիռներ ունեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ զինյալները»,- գրում է հեղինակը` հակված լինելով անջատողականների մեղավորության մեջ: Իհարկե, չի կարելի բացառել, որ «հրթիռը կարող էր գործարկվել Ռուսաստանի կամ Ուկրաինայի տարածքից, բայց այդ երկրները, ամեն դեպքում, շահագրգռված չեն հակամարտության միջազգային էսկալացիայի` շիկացման մեջ»: Ըստ The New Republic-ի խմբագիր Յուլիա Իոֆֆեի` «մալազիական օդանավի կործանումը փոխում է խաղի կանոնները»: Առաջին, «այն, ինչը կարծես վերածվում էր տեղային «սառեցված» հակամարտության, այժմ թեւակոխում է նոր փուլ` ստեղծելով անմիջական վտանգ Եվրոպայի անվտանգության համար»: Երկրորդ, ԱՄՆ-ն եւ Եվրոպան, ըստ հեղինակի, ստիպված կլինեն «ավելի ցավոտ պատժամիջոցներ» կիրառել:
Բացի այդ, ակնհայտ է, որ Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունն ապստամբների նկատմամբ». «նման է այն բանին, որ ապստամբները սխալ են թույլ տվել, որի արդյունքում Պուտինը հայտնվել է փակուղում… Ամենայն հավանականությամբ, նա ինչ-որ կերպ կպատժի ապստամբներին, երբ համընդհանուր ուշադրությունն անցնի համաշխարհային հաջորդ ճգնաժամի վրա»,- կարծում է լրագրողը: La Repubblica-ն հիշում է մալազիական «Boeing»-ի նախորդ աղետի մասին, որն այդպես էլ չհաջողվեց պարզել` օդանավի անհետացման պատճառով:
Ինչպես գրում է Ջամպաոլո Վիզետտին, ի հայտ են գալիս տարբերակներ, որ մալազիական երկու «Boeing»-ների աղետները համարվում են մեկ շղթայի օղակներ: «Մալազիական ավիաուղիներ ընկերությունը ողբերգական ճանապարհով կրկին հայտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, եւ այս անգամ դժվար թե հնարավոր լինի խուսափել «անիծված ընկերություն» խարանից, որը սպառնում է սնանկացնել Կուալա Լումպուրի ողջ տնտեսությունը: Երկրի համար ուշ գիշերը ստացված հաղորդագրությունը իսկական ցնցում էր, իսկ հարավ-արեւելյան Ասիայի բորսաների համար` մղձավանջ»,- գրում է թերթը: