Պորոշենկոն հայտարարել է մալազիական «Boeing»-ը խփած ԶՀՀ արբանյակային լուսանկարի առկայության մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ապացույցներ կան, որ ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» մարտիկները մալազիական «Boeing-777»-ը խփել են զենիթային համակարգերով, որոնք ստացել են Ռուսաստանից: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական էջում:
«Նախագահ Պորոշենկոն տեղեկացրել է, որ ահաբեկիչները խոչընդոտում են հետաքննչական գործողությունների անցկացմանը, թույլ չեն տալիս աշխատել ու տանում են ապացույցները, մասնավորապես տարել են օդանավի ինքնաձայնագրիչները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Սակայն նրանց դա չի փրկի, քանի որ մենք ունենք հրթիռի արձակման վայրից արբանյակային լուսանկարներ, զենիթային համակարգերի լուսանկարներն ու տեսագրությունը, որոնք վկայում են Ռուսաստանից զենք մտցնելու մասին, ահաբեկիչների հեռախոսազրույցների ձայնագրությունն ու այլ անհերքելի ապացույցներ»,- հայտարարել է Պորոշենկոն:
Ֆրանսուա Օլանդն իր հերթին հայտարարել է, որ երբ ապացուցվի ՌԴ կողմից Ուկրաինայի իշխանությունների հակառակորդներին զենք մատակարարելու փաստը, ԵԽ հրատապ նիստ կգումարվի:
«Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ՌԴ-ին հեռու մնալ զինյալներից ու դադարեցնել նրանց զենք մատակարարել, իսկ Ուկրաինային` վերականգնել սեփական տարածքի վրա վերահսկողությունը»,- նշվում է հայտարարության մեջ: