Նորություններ

«Ասում էին Բաղդասարյանը նախագահական ընտրություններին դավաճանեց ժողովրդին, բայց…»

Ազատության հրապարակում ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքին ելույթ է ունեցել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին, որ մասնակցում են հանրահավաքին, ապա ասել է, որ ինքը ստացել է տեղեկություններ, որ մարզերում հարուցվել են որոշակի դժվարություններ, եւ մարզերի բնակիչները չեն կարողացել մասնակցել հանրահավաքին: Նա նշեց, որ սա իրենց՝ իշխանությունից դուրս գալուց հետո առաջին հրապարակային հանդիպումն  է կուսակցության համակիրների եւ ժողովրդի հետ:

«Մեր երկիրը եւ ժողովուրդը գտնվում են ծանր եւ թշվառ վիճակում, այս ամիս ես  եղել եմ  ՀՀ տարբեր մարզերում, հանդիպել տարբեր շրջանների բնակիչների հետ, տպավորությունները ծանր են ու դժգույն, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանը դատարկվում է,   քաղաքային եւ գյուղական բնակավայրերում  մարդկանց արտագաղթը ահագնացող չափերի է հասնում, ավտոբուսներով  մարդիկ հեռանում են՝ բեռով, բարձով: Հայրենիք ենք կորցնելու, եթե վճռական չլինենք արմատական փոփոխություններ  կատարելու հարցում»,- իր խոսքում ասաց Ա. Բաղդասարյանը: Նրա խոսքերով՝ կուտակված խնդիրները ի զորու է լուծել այն իշխանությունը եւ այն կառավարությունը, որն ունի հստակ եւ հավակնոտ ծրագիր: Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ երկրում առկա խնդիրների մասին ինքը եւ իր կուսակցության անդամները խոսել են ոչ միայն այսօր, այլեւ այն տարիներին, երբ մաս են եղել իշխանությանը:

Ապա ՕԵԿ առաջնորդը հայտարարեց, թե իրենց հրավիրած հանրահավաքը դարձել է բուռն քննարկումների  եւ ակտիվ շահարկումների առարկա: «Շատերը  թույնով լցված փոխանակ ողջունելու ՕԵԿ-ի տեղափոխումը ընդդիմադիր դաշտ, զբաղված են չարություն եւ ատելություն սերմանելու գործով  ՕԵԿ-ի նկատմամբ եւ շարունակում են հնչեցնել մեղադրանքներ: Սակայն ժամանակն է, որ մարդիկ հասկանան, ընկալեն մեր տեսակը»,- ասաց նա:

Հետո Ա. Բաղդասարյանը Ազատության հրապարակում որոշեց իր խոսքերով պատասխան տալ  տարիներ շարունակ իր եւ իր կուսակցության հասցեին հնչած մեղադրանքներին: «Երբ 2006թ.-ին Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ես լքեցի ԱԺ նախագահի պաշտոնը,  որոշները հայտարարեցին, որ ես դուրս եմ եկել պայմանավորված եւ եկել եմ ընդդիմության ձայները խլելու: Բայց շնորհիվ  նվիրյալների ՕԵԿ-ը մեկ տարի հետո   մուտք գործեց ԱԺ եւ դարձավ խորհրդարանական  խմբակցություն: Սա  աբսուրդ էր:  Բացի այդ, այս ժամանակ ՕԵԿ-ի դեմ հարուցվել են շինծու գործեր, այսինքն ինչ էինք արել, պայմանավորվել էին, որ հալածեին մեզ, սնանկ ու անհիմն չարախոսություններ են սրանք»,- հայտարարեց նա:

Ապա նա անդրադարձավ նախորդ նախագահական ընտրություններին եւ որոշ մանրամասներ պատմեց: «Ասում էին Ա. Բաղդասարյանը նախագահական ընտրություններին դավաճանեց ժողովրդին եւ միացավ Ս. Սարգսյանին եւ պատասխանատվություն է կրում Մարտի մեկի համար: Հիշեցնեմ, որ ընտրություններին առաջադրվել էին երեք հիմնական թեկնածուներ՝ Ս. Սարգսյանը, Լեւոն  Տեր-Պետրոսյանը եւ ես: Քարոզարշավի ուղիղ կեսին Լեւոն Տեր-Պետրոսյանը  ինձ ասաց՝ Արթուր, դու ընտրություն չունես, կամ պետք է միանաս  ինձ, կամ քեզ կոչնչացնեն:  Մեր հանդիպումն ավարտվեց,  եւ նա ասեց՝ երեք օր, մտածի, ես իմս ասեցի»,- հայտարարեց ՕԵԿ առաջնորդը:

Ըստ նրա՝ այդ ժամանակ ինքը գտնվել է մի կողմից իշխանությունների ճնշումների, մյուս կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համակիրների քննադատությունների թիրախում: «Բայց նախագահական ընտրությունների ժամանակ  ես գրավեցի երրորդ տեղը՝ մի քանի տոկոսով զիջելով Լ. Տեր-Պետրոսյանին: Ընտրություններից  հետո ես չեմ հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին` երկու պատճառով, նախ առաջարկ չէր եղել, եւ հետո՝ կար վիրավորվածություն: Մարդիկ սպասում էին իմ եւ իմ թիմի որոշմանը, սակայն հրապարակում երգն ու պարը բավարար չէր հաղթանակի հասնելու համար, հստակ ծրագիր չկար, ինչը բերեց Մարտի մեկի»,- ասաց նա:

Ա. Բաղդասարյանի խոսքերով՝  նախագահական ընտրություններից  հետո Ս. Սարգսյանը առաջարկել է  իրենց կազմել քաղաքական կոալիցիա: «Ստիպում էին իշխանությունները եւ  տարբեր ֆորմատներով հանդիպում էին փնտրում  ՕԵԿ-ի հետ, արդյունքում այդ քննարկումները բերեցին նրան, որ եղավ հանդիպում իմ եւ Ս. Սարգսյանի միջեւ եւ կնքվեց կոալիցիոն հուշագիր: Իսկ մեզ առաջարկ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի արել»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Նա ծավալուն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը եւ հայտարարել, որ սակագնի բարձրացումն անթույլատրելի է: Նա իր ելույթում  խոսել է նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ ներկայացրել կուսակցության հետագա անելիքները:

Back to top button