Նորություններ

Արթուր Բաղդասարյանին «դավաճան» անվանած կնոջ վրա ջուր լցրեցին եւ հեռացրեցին

Ազատության հրապարակում վերջապես մեկնարկեց ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքը: «Ո՛չ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը»,- ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի երեք անգամյա վանկարկումից հետո տրվեց հանրահավաքի մեկնարկը: Սակայն մինչ նրա ելույթը ներկա քաղաքացիներից մեկը, դիմելով հարթակում հավաքվածներին, գոռաց՝ դավաճաններ: Նրա վրա ջուր լցրեցին եւ անմիջապես հեռացրին տարածքից:

Ապա ելույթ ունենալով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ պետք է «ո՛չ» ասել ցանկացած թանկացմանը:

Ապա ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Նա հայտարարեց, որ քաղաքացիների ներկայությունը փաստում է, որ իրենք չեն սխալվել իրենց դավանանքներում եւ որ հպարտ են իրենց անցած ճանապարհով: «Ձեր իրավունքները պաշտպանելու համար կամք ու վճռականություն եք դրսեւորել, անկախ նրանից, թե ովքեր են հանրահավաքի կազմակերպիչները, սա մեզանից յուրաքանչյուրի հանրահավաքն է, հավաքական բողոք արտահայտող հանրահավաք է»,- հայտարարեց Հ. Բիշարյանը:

Նրա խոսքերով՝ իրենց հետ են նաեւ այն քաղաքացիները, ովքեր այստեղ չեն, սակայն մտահոգված են էլեկտրաէներգիայի թանկացմամբ: «Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնողները գրպանահատներ են, հասարակ ժուլիկներ, եւ մենք պետք է փակենք այդ ժուլիկի առջեւ մեր գրպանը: Եկել է բոլոր թանկացումների առջեւ մեր գրպանները փակելու ժամանակը»,- հայտարարեց Հ. Բիշարյանը: Ապա նա նշեց, որ ՕԵԿ-ի համար անհասկանալի ու անթույլատրելի է թանկացումը: Նրա խոսքերով՝ ՕԵԿ-ը մշտապես հավատարիմ է եղել իր արժեքներին: «Պայքարելու ենք ցանկացած անօրինականության դեմ եւ պետք է համառորեն կռվենք հանուն մեր Հայաստանի, մինչեւ քսանհինգ տարեկան Հայաստանը կկերտի իր իրական ազատության, անկախության եւ արդարության արձանը»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը:

Ապա ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նա եւս անթույլատրելի համարեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Նրա խոսքերով՝ եթե վճռական ու միասնական պայքար լինի, ապա հաղթանակ կլինի: «Ո՛չ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը»,- մի քանի անգամ վանկարկեց պատգամավորը:
20140718_191521

Back to top button