Ուկրաինայի օդային տարածքում «Boeing»-ի կործանման մեջ Եվրոպան է մեղավոր. Սաակաշվիլի

Ինչպես գրում է «Грузия Online»-ը, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով Ուկրաինայի օդային տարածքում գրանցված ողբերգությունը, եվրոպացի առաջնորդներին մեղադրել է ընդդեմ Ռուսաստանի համարժեք քայլերի բացակայության մեջ:
Նախկին նախագահը նշում է, որ մինչ ռուսական զրահամեքենաներն ու հակաօդային պաշտպանության համակարգերն ամեն օր ներխուժում են Ուկրաինա, Եվրոպան գերադասում է անամոթաբար այլ կողմ նայել:
«Երեկ Եվրոպական խորհուրդը կրկին չկարողացավ պայմանավորվել լուրջ, այսինքն ճյուղային պատժամիջոցների մասին: Երեկ մարդկանցով ինքնաթիռն ընկել է երկնքից: Սակայն այս ողբերգությունը բնավ էլ երկնքից չի ընկել, այլ արդեն երկար ժամանակ պատրաստվել է:
Եվրոպայի աչքի առաջ ռուսական զրահատեխնիկան ու հակառազմաօդային ուժերը հատում են ինքնիշխան Ուկրաինայի տարածքը` ամենամեծ եվրոպական պետություն, իսկ Եվրոպան անամոթաբար այլ ուղղությամբ է նայում»,- ասել է Սաակշվիլին:
Սաակաշվիլին պատմել է, որ մի քանի ամիս առաջ, ելույթ ունենալով Բրյուսելում, եվրոպական երկրներից մեկի արտգործնախարարը ագրեսիվ կերպով նրան պատասխանել է.
«Ի՞նչ եք մեզ առաջարկում, ռմբակոծե՞լ Ռուսաստանը»:
Սաակաշվիլին պատասխանել է. «Ո՛չ սպասեք, մինչև նրանք ձեզ կռմբակոծեն»:
Սաակաշվիլին նշում է, որ այդ ժամանակ իր այդ հայտարարությունը ոչ դիվանագիտական են համարել:
«Եվ ահա, ռուսական հակառազմաօդային ուժերի հրթիռով, որն անկասկած ահաբեկիչներին հենց Պուտինի հրամանով է փոխանցվել, իսկապես խփել են հարյուրավոր եվրոպացիներ տեղափոխող ինքնաթիռը»: