Մոսկվայում ձերբակալվել է հայազգի գործարար եւ բարերար Լևոն Հայրապետյանը

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են աշխարհում հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից Լևոն Հայրապետյանին:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», միջոցառումներն ընդդեմ Հայրապետյանի անցկացվել են ՌԴ Հետաքննչական կոմիտեի կողմից «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում:
Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է ՌԴ ԴՄԾ աշխատակիցների կողմից 2014 թ. հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գործարարը ուժեղացված հսկողությամբ տեղափոխվել է հարցաքննման ՌԴ Հետաքննչական կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին, մոտակա օրերին հետաքննիչները մտադրված են դիմել Մոսկվայի Բասմանի դատարան` Հայրապետյանի ձերբակալման միջնորդությամբ:
Խմբավորման գործունեությանը Հայրապետյանի հնարավոր կապի մասին հետաքննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկության մեջ է գտնվում:
Հավելենք, որ Լևոն Հայրապետյանը հայկական սփյուռքի 10 ամենահարուստ մարդկանց ցուցակում է (զբաղեցնում է 10-րդ տեղը): Հայրապետյանը հանդիսանում է համաշխարհային մակարդակով Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցով լոբբիստ: