ՄեկնաբանությունՆորություններ

«Ադրբեջանը որքանով էլ փորձում է թաքցնել, միևնույնն է՝ նա միշտ էլ պատասխան ստանում է Հայաստանից, այնպես չէ, որ անպատիժ ենք թողնում…»

«Հայաստանը Ադրբեջանին անպատիժ չի թողնում: Այսինքն Ադրբեջանը որքանով էլ փորձում է թաքցնել, միևնույնն է՝ նա միշտ էլ պատասխան ստանում է Հայաստանից, այնպես չէ, որ անպատիժ ենք թողնում: Սակայն, թե դա ինչպես է արվում, արդեն հստակ տեղեկության չեմ տիրապետում»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Գևորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով հակառակորդի կողմից իրականացրած վերջին դիվերսիոն գործողությունները:

Ըստ փորձագետի՝ այն, ինչ տեղի ունեցավ, նորություն չէ, քանզի Ադրբեջանն իր հստակ ձեռագիրն ունի այս առումով:

«Սա նորություն չէ, նոր ձեռագիր չէ: Նախկինում ևս նման դեպքեր եղել են, իհարկե այս անգամ առավել աղմկահարույց էր հասկանալի պատճառներով, այսինքն մենք կարողացել ենք գերեվարել հակառակորդին, մեկին սպանել, ցավոք մենք ևս զոհ տվեցինք: Հիմա խոսվում է, որ դիվերսիաները շատացել են, սա ինչ-որ բան է նշանակում… Սակայն պետք է հասկանալ, որ դիվերսիաները միշտ էլ եղել են. դա բացառել չի կարելի: Դիվերսիաների, այսպես ասած, հակաթույնը ավելի զգոն, ավելի պատրաստ, ավելի ուշադիր զինծառայողներ ունենալն է»:

Գևորգ Պետրոսյան

Թե որքանով են դիվերսիոն այս գործողությունները կապված Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հետ, փորձագետը մեկնաբանում է. «Ընդհանրապես Ադրբեջանը սովորություն ունի կարևոր իրադարձությունների նախօրեին, ընթացքում ակտիվանալու, և այս համատեքստում կարող ենք կապել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հետ: Ընդհանրապես, անկախ ամեն ինչից էլ Ադրբեջանը դիվերսիաներ իրականացնում է, և այդ տեսանկյունից որևէ նոր բան չկա, այսինքն ասել, որ սա ինչ-որ բեկումնային իրադարձություն է, սխալ կլինի: Սա Ադրբեջանի ձեռագիրն է՝ փորձել լարվածություն պահել, որովհետև երբ նրանք հստակ ռազմական գործողությունների ունակ չեն լինում, փորձում են ավելի լոկալ ու ավելի տեղային խնդիրներ լուծել, և սա դրա դրսևորումներից մեկն է»:

Փորձագետը նշում է, որ կարող ենք, ամեն դեպքում, արձանագրել, որ դիվերսիան կանխվեց, թեև մենք անգին կորուստ ունեցանք, որովհետև մեր ցանկացած զինվորի կորուստը անգին է մեզ համար: Սակայն պետք է հասկանանք, որ ապագայում նման դիվերսիաները բացառել չի կարելի:

Back to top button