ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄշակույթ/Պատմություն

Վեց նշաններ, որոնք կոդավորված են «Սիքստինյան Տիրամայր» կտավում

Լինելով գնոստիցիզմի հետեւորդ (I-II դարերի կրոնափիլիսոփայական ուղղություն), որը հիմնված էր Հին Կտակարանի, արեւելյան դիցաբանության եւ որոշ վաղ քրիստոնեական ուսմունքների վրա, Ռաֆայելն, ինչպես եւ մյուս բոլոր գնոստիկները, մյուս բոլոր մոգական թվերից հատկապես կարեւորում էին վեցը (ըստ իրենց ուսմունքի` հենց վեցերորդ օրն է Աստված ստեղծել Հիսուսին) եւ Sixtus թարգմանվում է որպես «վեցերորդ»: Նկարիչը որոշել է խաղարկել այս համընկնումը, հետեւաբար, ըստ իտալացի արվեստաբան Մաթթեո Ֆիցցիի` նկարը կառուցվածքային առումով իր մեջ ծածկագրում է վեց թիվն, այլ կերպ ասած` այն ամբողջացնում են վեց կերպարներ, որոնք միասին կազմում են մի վեցանկյուն:

1. ՄԱԴՈՆՆԱ

Որոշ հետազոտողներ կարծում են, որ Սուրբ Կույսի պատկերը Ռաֆայելը գրել է իր սիրուհի Մարգերիտա Լուտիի կերպարից: Ըստ արվեստաբան Սերգեյ Ստամայի` «Սիքստինյան Տիրամոր» աչքերում ուղղակիորեն սառել են անկեղծությունն ու դյուրահավատությունը, տաք սերն ու քնքշությունը եւ այս ամենի հետ մեկտեղ` աչալրջությունն ու անհանգստությունը, զայրույթն ու սարսափը մարդկային մեղքերի հանդեպ, անվճռականություն, բայց միեւնույն ժամանակ սխրանք կատարելու պատրաստակամությամբ:

2. ՆՈՐԱԾԻՆ ՀԻՍՈՒՍԸ

Ըստ Ստամի` «նրա ճակատն այնքան բարձր չէ, որքան երեխայինն է, եւ աչքերն էլ միանգամայն լուրջ են: Սակայն նրանց հայացքում մենք չենք տեսնում ո՛չ հորդոր, ո՛չ լիակատար ներում, ո՛չ հաշտեցնող սփոփանք… Նրա աչքերը սեւեռված են, լարված` վախից եւ տարակուսանքից»: Այնուամենայնիվ, Քրիստոսի հայացքում կարդացվում է Հայր Աստծո կամքին հետեւելու վճռականությունը, մարդկության փրկության համար իրեն զոհաբերելու հաստատակամությունը:

3. ՍԻՔՍՏ II

Հռոմի պապի մասին շատ քիչ բան է հայտնի: Սուրբ գահին շատ կարճ ժամանակ է եղել` 257 թվականից մինչ 258 թվականը, եւ գլխատվել է Վալերիան կայսեր օրոք: Սուրբ Սիքստը իտալական Ռովերե (իտալերեն` «կաղնի») պապական դասի բարեխոսն է եղել: Այդ իսկ պատճառով նրա ոսկե պարեգոտու վրա ասեղնագործված են եղել կաղին եւ կաղնու տերեւներ:

4. ՍԻՔՍՏԻ ՁԵՌՔԵՐԸ

Ռաֆայելը սուրբ հորը պատկերել է աջ ձեռքով գահական խաչը մատնացույց անելով (հիշեցնենք, որ «Սիքստինյան Տիրամայրը» կախված է եղել խորանի ետեւում, համապատասխանաբար, խորանի խաչի ետեւում): Հետաքրքրական է, որ նկարիչը քահանայապետի ձեռքին վեց մատ է պատկերել` նկարում ծածկագրված եւս մեկ վեցյակ: Քահանայապետի ձախ ձեռքը սեղմված է կրծքին` ի նշան նվիրվածության Մարիամ Աստվածածնի:

5.ՊԱՊԻ ՏԻԱՐԱՆ` ՊՍԱԿԱԹԱԳԸ

Հանված է քահանայապետի գլխից` ի նշան Տիրամորը տածած ակնածանքի: Տիարան բաղկացած է երեք թագերից, որոնք խորհրդանշում են Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու թագավորությունը:

6. ՍՈՒՐԲ ԲԱՐԲԱՐԱ

 

Եղել է Պիաչենցայի հովանավորը: Նա III դարի սուրբ է, որը հեթանոս հորից գաղտնի ընդունել է Հիսուսի հավատքը: Հայրը խոշտանգել ու գլխատել է ուրացող դստերը:

7. ԱՄՊԵՐ

Ոմանք կարծում են, որ Ռաֆայելն ամպերը նկարել է երգող հրեշտակների տեսքով: Իրականում, ըստ գնոստիկների ուսմունքի, սրանք ոչ թե հրեշտակներ են, այլ դեռ չծնված հոգիներ, ովքեր ապրում են երկնքում եւ փառաբանում բարձրյալին:

8. ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Նկարի ներքեւի մասում երկու հրեշտակներ անխռով նայում են հեռուն: Նրանց ակնհայտ անտարբերությունն աստվածային անխուսափելի նախախնամության ընդունման խորհրդանիշն է: Քրիստոսին նախասահմանված էր կրել իր խաչը եւ փոխել ճակատագիրը, նա ի զորու չէր:

9. ԲԱՑ ՎԱՐԱԳՈՒՅՐ

Խորհրդանշում է լայն բացված` ճեղքված երկինքը: Նրա կանաչ գույնը ցույց է տալիս Հայր Աստծո ողորմածությունը, ով իր որդուն ուղարկեց մարդկության փրկության համար մեռնելու:

Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը «Սիքստինյան Տիրամայրը» պահվում էր Դրեզդենի պատկերասրահում: Սակայն 1943 թվականին նացիստներն այն թաքցնում են գետնանցքում, որտեղ էլ երկար որոնումներից հետո այն հայտնաբերում են խորհրդային զինվորները: Այսպես, Ռաֆայելի ստեղծագործությունը հայտնվում է ԽՍՀՄ-ում: 1955 թվականին «Սիքստինյան Տիրամայրն» ի թիվս այլ կտավների, որոնք արտահանվել էին Գերմանիայից, վերադարձվեցին ԳԴՀ իշխանություններին եւ այժմ գտնվում են Դրեզդենի պատկերասրահում:

1483-ծնվել է Ուրբինոյում, նկարչի ընտանիքում:

1500-սկսել է աշխատել Պիետրո Պերուջինոյի արվեստանոցում:

1504-1508-ապրել է Ֆլորենցիայում, որտեղ էլ ծանոթացել է դա Վինչիի եւ Միքելանջելոյի հետ:

1512-1514-աշխատել է «Սիքստինյան Տիրամայր» կտավի վրա:

1515-նշանակվել է Վատիկանի հնությունների պահապան:

1520-մահացել է Հռոմում:

Back to top button