Նորություններ

Փ. Հայրապետյանի փաստաբանը անբարոյական է համարում Ա. Սուքիասյանի պաշտպանի հայտարարությունները

Օֆշորային սկանդալի նոր զարգացումները: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը չէր բացառել, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը ոչ միայն կարող է կարճվել, այլ նաեւ քրեական գործ հարուցվի սույն գործով տուժող համարվող Փայլակ Հայրապետյանի նկատմամբ: Վերջինիս շահերի պաշտպան, փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով Յուրիկ Խաչատրյանի հայտարարությանը, ասաց հետեւյալը. «Նման հայտարարություն անելու համար, եթե ես մեղմ ասեմ, պետք է առնվազն անհեռատես մարդ լինել, չի կարելի այդպիսի հայտարարություններ անել, առավել եւս, որ նման հայտարարություններ փաստաբանները չեն կարող անել, այն դեպքում, երբ որ իր պաշտպանյալը՝ Աշոտ Սուքիասյանը, այդ խարդախի, հանցագործի մասին եմ ասում, դեռ չի էլ հասցրել իր ցուցմունքը տալ»:

Ապա շարունակեց. «Եթե ես մեղմ ասեմ, ուղղակի չի կարելի նման հայտարարություն անել, ես իմ գործընկերոջ հասցեին չեմ ուզում ուրիշ բան ասել, չի կարելի, դա բարոյական չեմ համարում: Այդպիսի հայտարարություններով կարող են հանդես գալ նրանք, ովքեր որ երեւի մի քիչ իրավաբանությունից հեռու են»: Աշոտ Սուքիասյանի փաստաբանի հայտարարությունների վերաբերյալ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է նաեւ Փայլակ Հայրապետյանի հետ: Նրա արձագանքը այսպիսին էր. «Թող հարուցեն, ինչ ասեմ, որ էս երկիրը այդպես է, թող հարուցեն»: Ինչպես հայտնի է, Յու. Խաչատրյանը գործի ընթացքի փոփոխությունը պայմանավորել էր այն հանգամանքով, որ գործում կա Ռուբեն անունով մեկը, ով Փ. Հայրապետյանի համաքաղաքացին է եղել, եւ ըստ փաստաբանի՝ հենց Ռուբենը եւ ոմն Սերգեյ (Բելառուսի քաղաքացի) գցել են Աշոտ Սուքիասյանին:

«Ռուբեն Մկրտչյանը իրեն է ճանաչում, ինձ չի ճանաչում, որ ծնունդով Գավառից է, բայց իրա հետ է գործ բռնել, ես պրիչոմ, ես նրան ճանաչել եմ այն ժամանակ, երբ իմ ունեցածը արդեն սաղ վերցրին»,- պատմեց Փ. Հայրապետյանը: Նրա խոսքերով՝ Ռուբեն Մկրտչյանին ինքը ճանաչել է Աշոտ Սուքիասյանի միջոցով: «Ես չգիտեմ, թե ինքը ով է եղել: Նա Աշոտի հետ 2009թ երբ գնացել է ոսկի առնելու, սեւերը նրան փակել են նկուղում, Մոսկվայից զանգ են տվել Ռուբենին, նա գնացել է Աշոտին բերդից, սպանելու տեղից հանել տարել է իրա տուն: Հետո տեսել է, որ սա լուրջ մարդ է, սկսել է խաբել, սրա ձեռքից դակումենտները վերցրել է, ես չեմ ճանաչել ոչ Ռուբենին, ոչ Աշոտին»,- հայտարարեց Փ. Հայրապետյանը: Նա մեկ անգամ եւս վերահաստատեց, որ Աշոտ Սուքիասյանին տեսել է նախարարությունում: Փայլակ Հայրապետյանը նշեց, թե Աֆրիկայում եղել է այն ժամանակ, երբ արդեն իր ունեցվածքից զրկվել է: Ինչ վերաբերում է Յու. Խաչատրյանի մատնանշած Սերգեյին, ապա Փ. Հայրապետյանն ասաց. «Ես մի անգամ եմ տեսել Սերգեյին: Ինքը չգիտեմ, թե ով է, Աշոտը կարող է ասել: Դրանց սաղին Հայաստան բերել է Աշոտը, Սեւանում հաց ենք կերել, ընդեղ դրանց ասել է՝ տեսեք ինչ լավ աշխատող ունեմ, էս ամբողջը իմն է, Հայրապետյանն էլ իմ աշխատողն է, ամիսը 2 հազար դոլար փող եմ տալիս»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելուն եւ պատասխանելով մեր հարցին, թե չի՞ մտահոգում փաստը իրեն, Փայլակ Հայրապետյանն ասաց. «Տիգրան Սարգսյանին դեսպան կնշանակեն, վարչապետ կնշանակեն, ես չգիտեմ ինչ կնշանակեն, բայց որ Աշոտը ինձ զանգ է տվել ու ասել է, որ Տիգրան Սարգսյանը եկել է Ամերիաբանկ, բանկի կառավարիչի հետ խոսել է, մեզ 12 միլիոն գումար են տալիս, էն, ինչ որ պիտի ստանայինք ուրիշ բանկից, հիմա վարչապետը միջնորդել է, վերցնում ենք, գնանք տեխնիկա բերենք ու սկսենք աշխատել, դա ես գիտեմ ու հաստատում եմ»:

Հիշեցնենք, որ օֆշորային հայտնի սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանին վերջերս արտահանձնեցին Հայաստան: Սույն գործում շրջանառվում են նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունները:

Back to top button
Close