Միջազգային

«ԵՄ հետ Մոլդովայի ասոցացումը խախտում է մերձդնեստրցիների իրավունքները, ՌԴ քայլեր կձեռնարկի». Ռոգոզին

ԵՄ հետ Մոլդովայի ասոցացման համաձայնագրի ստորագրումը խախտում է Մերձդնեստրի բնակիչների հիմնարար իրավունքները, ՌԴ-ն այդ շրջանին համապարփակ աջակցություն կցուցաբերի` մերձդնեստրցիներին արժանավայել կյանք ապահովելու համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Այսօր ՌԴ նախարարությունների ու գերատեսչությունների և Մերձդնեստրի միջև առևտրատնտեսական համագործակցության, մշակութային ու գիտակրթական ոլորտներում համագործակցելու մասին մի շարք հուշագրեր են ստորագրվել: Ռոգոզինը բացատրել է, որ այս համաձայնագրերն առաջին քայլ են հանդիսանում ՌԴ կողմից Մերձդնեստրի տնտեսությանն աջակցելուն:

«Քիշնևի դիրքորոշումը դեմ է գնում կյանքի բնական տրամաբանությանը: 700 հազար մոլդովացիներ ՌԴ-ում որպես ներգաղթյալներ են աշխատում: Սա Մոլդովայի բյուջե խոշորագույն մուտք է»,- ասել է Ռոգոզինը:

Նրա խոսքերով՝ այս ամենի հետ մեկտեղ Քիշնևը ասոցացման համաձայնագիր է ստորագրում ոչ թե Մաքսային միության կամ Եվրասիական միության հետ, այլ ԵՄ հետ:

«Սրանում տրամաբանություն չկա»,- նշել է ՌԴ փոխվարչապետը:

Ռոգոզինը նշել է, որ այս իրավիճակում Ռուսաստանը չի կարող անմասն մնալ ու պետք է որոշակի քայլեր ձեռնարկի:

«Մենք կշարունակենք գործել, կաշխատենք, իհարկե, նաև Քիշնևի հետ: Հուսով եմ մոտ ժամանակում կհանդիպեմ Քիշնևի ղեկավարության հետ, որպեսզի նրանց բացատրենք, որ կան մարդու հիմնարար իրավունքներ, որոնք գրված են ՄԱԿ-ի կանոնադրությունում: Նման իրավունքներից մեկն է կյանքի իրավունքը, տնտեսական բարեկեցության իրավունքը: Այսօր Մերձդնեստրի բնակիչների այս հիմնարար ազատությունները խախտվում են Մոլդովայի Հանրապետության և նրանց կողմից, ովքեր կանգնած են ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևում: Մեզ բարեկամ Մոլդովա է պետք: Մեզ համար ծայրահեղ կարևոր է այդ տարածաշրջանում խաղաղություն պահպանել»,- ընդգծել է ՌԴ կառավարության ներկայացուցիչը:

Back to top button
Close