ՄեկնաբանությունՆորություններ

«ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումն այն հարցը չէ, որի վրա պետք է կենտրոնանալ». ԼՂՀ ԱԺ պատգամավոր

«Ղարաբաղյան շարժումը, որ սկսվել է, եղել է ԽՍՀՄ-ի ժամանակ, և եթե մենք այն ժամանակ հաշվարկեինք մեր և Սովետական Միության ուժերը, ապա վախից ոչ ոք ոտքի չէր կանգնի, սակայն, ամեն դեպքում, մենք սկսեցինք,  բոլորս կանգնեցինք, նպատակ դրեցինք, իրագործեցինք, հաղթեցինք… Այսինքն այսօր էլ ոչ մի երկրի ցանկություն պետք չէ հաշվի առնել, իշխանությունները պետք է հակառակ քայլեր ձեռնարկեն և ոչ թե ենթարկվեն այդ ցանկություններին»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ԼՂՀ ԱԺ  ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի անդամակցումը ցանկալի չէ: Սակայն անկախ նրանից՝ Ադրբեջանը մտնում է այդ միություն, թե ոչ, դա տակտիկա է և ոչ թե ստրատեգիա:

Արմեն Սարգսյանի՝ ԳԱԼԱ-ին տված ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

-Նշեցիք, որ Ղարաբաղյան շարժման ժամանակ առանց ուժային տարբերության վրա ուշադրություն դարձնելու՝ սկսվեց պայքար, որին հաջորդեց և հաղթանակը:  Այսինքն ստացվում է, որ հնարավո՞ր է զուգահեռներ անցկացնել շարժման տարիների և ներկայիս ժամանակաշրջանի ու ստեղծված իրադրության միջև:

-Ինքս նման զուգահեռներ երբեք չեմ անցկացնի, որովհետև Ղարաբաղյան շարժման նախաշեմին հարցը միայն քաղաքական չէր: Այսինքն այսօր մենք ունենք ազատ արտահայտվելու իրավունք և արտահայտվում ենք, սակայն այլ բան է, թե որ ուժի հետ, ում կարծիքի հետ որքան ենք հաշվի նստում և որքան ոչ, այսօր մենք ունենք բանակ, տնտեսություն, սակայն այլ բան է, եթե մենք փորձենք գնահատական տալ այդ տնտեսությանը, և վերջում մենք ունենք Սահմանադրություն, որը Մոսկվայի որոշումը չէ, այլ տեղում է որոշվում: Այսինքն ինքս նման գնահատական չէի տա, որ ապրում ենք նույն շրջանում, ինչը որ Ղարաբաղյան շարժման նախաշեմին էր:

-Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար առհասարակ: 

-Ղարաբաղի հարցին երկու դեպքում էլ պետք է աշխատենք տալ այն լուծումը, որը մենք ենք ուզում: Ամեն դեպքում Ադրբեջանի անդամակցումը այն հարցը չէ, որի վրա պետք է կենտրոնանալ, և նրա անդամակցումով չէ, որ Ղարաբաղի հարցի համար լավ կլինի կամ վատ: Սա է ստրատեգիան և դրա տակ ստորադասվում է Ադրբեջանի մտնելը կամ չմտնելը: Եթե այսօր որոշ մարդիկ շատ են ցանկանում Ադրբեջանի անդամակցումը, ապա դա արդեն իրենց գործն է:

Ըստ Ձեզ՝ իրատեսակա՞ն է այն սցենարը, որ Ռուսաստանը ազատագրված տարածքների գնով գնա նման քայլի՝ Ադրբեջանին խցկելով այդ միություն:

-Ամեն երկիր էլ ունի իր շահերը, և մենք էլ պետք է ունենանք մեր շահերը:  Ամեն մի երկիր մտածում է իր շահերի համար՝ տարածքներ տա, թե տարածքներ պահի: Մենք, ունենալով մեր շահերը, պետք է կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել, որպեսզի այդ նույն շահերը հնարավոր լինի ճիշտ ներկայացնել:

Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ ԵՏՄ պայմանագրի ստորագրումը ձգձգվում է. այստեղ Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի ցանկությունն է:

-Այստեղ երկուստեք հարցեր կան, որոնք դեռևս հնարավոր չէ լուծել, և հարցեր կան, որոնց հետ Հայաստանը համաձայն չէ, հարցեր են առաջադրված, որոնք ի նպաստ Հայաստանի չեն:

Հայտարարություն տարածվեց, որ Ղարաբաղում հանրահավաք պետք է տեղի ունենա, որ արդեն եկել է ժամանակը ոտքի հանելու արցախցիներին. Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

-Ես կողմ եմ, որ ամեն մի հարցը լուծում ստանա ոչ թե ձև տալով, այլ բովանդակություն տալով: Այս դեպքում մենք ունենք կարմիր գիծ, որը կապված է հանրահավաքների հետ՝ այսինքն հաշվի առնելով արտաքին վտանգը: Այսինքն հաշվի չառնելով արտաքին վտանգը՝ պայքարել ինչ-որ բանի դեմ՝ դա արդեն սխալ է: Մենք ունենք ստրատեգիա՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի ճանաչումը: Եվ մեր կուսակցությունն էլ համաշխարհային հարթակում աշխատում է այդ ուղղությամբ, և դա Ղարաբաղի իշխանությունների հետ համաձայնեցված է, եթե հարցը արտաքին քաղաքականությանն է վերաբերում, պետք է փոխհամաձայնեցված լինեն գործողությունները:

Back to top button
Close