Նորություններ

Փաստաբանը հավանական է համարում ոչ միայն քրեական գործերը կարճվելու ելքը, այլեւ այն, որ քրեական գործ հարուցեն նաեւ Փայլակ Հայրապետյանի դեմ

Օֆշորային սկանդալում գլխավոր դերակատար համարվող Աշոտ Սուքիասյանը համաձայն չէ իրեն վերագրված արարքներին: Նա գտնում է, որ իր բացակայության ժամանակ շատ բան են բարդել իր վրա եւ շատ հնարավոր է, որ առաջադրված մեղադրանքները հիմք չունենալու կամ այլ ապացույցների պատճառով կարճվեն:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:

Փաստաբանն ասաց, որ այս ընթացքում արդեն մի քանի անգամ Ա. Սուքիասյանը ցուցմունքներ է տվել եւ շարունակելու է հարցաքննվել: Փաստաբանը հավանական է համարում ոչ միայն քրեական գործերը կարճվելու ելքը, այլ ընդհուպ մինչեւ այն, որ քրեական գործ հարուցեն նաեւ Փայլակ Հայրապետյանի դեմ:

«Նախ կարճվելու մասին՝ եթե տեսնեն, որ առաջադրված այդ երեք հոդվածներում հիմքեր չկան, բավարար ապացույցներ չկան կամ հակառակը՝ այնպիսի ապացույցներ են բերվում, որ ժխտում են այդ առաջադրված մեղադրանքները, քննիչը, ելնելով դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներից, պետք է կարճի գործը: Ինքը այլ ելք չի ունենալու: Բայց մենք հիմա չենք կարող ասել, որ կարճման է գնալու այդ գործը, մենք ուղղակի դիտում ենք քաղաքացիաիրավական գործ, մեղադրող կողմը գնում է դեռեւս մեղադրելու ճանապահով:

Սա հիմա կռիվ է, որ պետք է մենք էլ մեր փաստերը ներկայացնենք, իրենք էլ իրենց մեղադրող հարցերը տան, այսինքն այդ ամբողջ խմորը մի հատ հունցվի, հետո վերջում կերեւա՝ ինչ են պատրաստվում այդ խմորից»:

Յ. Խաչատրյանի խոսքով՝ երբ քրեական գործեր են հարուցվել Ա. Սուքիասյանի նկատմամբ, նա բացակայել է, եւ դա արել են, որ խոսակցություններին վերջ տրվեն:

Ա. Սուքիասյանը չի եղել այստեղ, ով տեղից վեր կացել՝ քար է գլորել Ա. Սուքիասյանի ուղղությամբ, որպեսզի դրանք վերջանան, այս մարդիկ էլ գործ են հարուցել ու պիտի գնան առաջ, նախաքննություն իրականացնեն ու տեսնեն՝ իրականում որ գումարը ուր է գնացել, ինչ է եղել եւ կամ ինչպես է ծախսվել, կամ եթե գումար է պակասել, դրա տակ խարդախությո՞ւն կա- չկա, յուրացո՞ւմ կա-չկա, ուրիշի գույքին տիրանալո՞ւ բան կա- չկա»:

Ինչ մնում է քրեական գործը տուժողի՝ գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ շուռ գալուն, Ա. Սուքիասյանի փաստաբանը այն այսպես հիմնավորեց.

«Աշոտին էլ են գցել եւ այդ գցողներին ճանաչել է նաեւ Փայլակ Հայրապետյանը եւ իրա հետ կապն էլ հնարավոր է: Հիմա ես չեմ կարող ռեալ հայտարարեմ, ուղղակի ինչ- որ բան հայտարարեմ, թող ամրապնդվի, հետո կխոսենք…

Բայց ոչինչ բացառված չէ, քննություն է եւ կարող է ցանկացած ժամանակ ցանկացած ընթացք ստանա»:

Ապա փաստաբանը մանրամասնեց.

«Ա. Սուքիասյանի ասելով՝ Ռուբեն Մկրտչյան կա, որ ծնունդով Գավառից է, Փայլակ Հայրապետյանն էլ է Գավառից, իրանք զեմլյակ են, իրար հետ կապ են ունեցել, իմացել են իրար, շփվել են իրար հետ Աֆրիկայում եղած ժամանակ: Իսկ Ա. Սուքիասյանին այդ անձն է գցել եւ Սերգեյ անունով մեկը, ով ազգությամբ բելոռուս է: Այդ անձինք են հենց Ա. Սուքիասյանի համար խոչընդոտ հանդիսացել այնտեղ հանքը շահագործելու համար: Իսկ այդ մասին Փայլակ Հայրապետյանը երբեք էլ չի խոսել… նա զուտ միակողմանի բաներ է ասել՝ Պողոս-Պետրոս, օֆշոր եւ այլն:

Այնտեղ ռեալ կազմակերպություններ, ձեռնարկություններ կան, առաջարկել են, որ քարեր ներկրի Աշոտ Սուքիասյանը Հայաստան, իրենց ցանկն են տվել ոսկու, ալմաստի, այդ բոլորը կան, փաստ են, ուղղակի թե որ փուլում չստացվեց, որ ժամանակին գումարները վերադարձվեր, դա էլ արդեն քննության ժամանակ Ա. Սուքիասյանը ցուցմունք է տալիս, թե ինչ եղավ ինչի հետեւանքով»:

Փաստաբանն ասաց նաեւ, որ անգամ հանքերում էլ վեճ է եղել հիշյալ անձանց եւ Ա. Սուքիասյանի միջեւ, նույնիսկ դատարան են դիմել երկու անգամ եւ դատական հարթությունում խնդիրը լուծել են: Ըստ փաստաբան Յուրիկ Խաչատրյանի՝ այս գործի քննությունը բավականին երկար կտեւի:

«Թող քննությունը ավարտվի, այն ժամանակ կապացուցվի, կտեսնենք՝ ինչ կլինի»:

Մեր այն հարցին, թե ձեզ չի՞ անհանգստացնում այն հարցը, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին նշանակեցին ՀՀ դեսպան ԱՄն-ում, այնինչ այս գործը նաեւ նրա անվան հետ էր կապվում: Փաստաբանն ասաց, որ անհանգստացնող ոչինչ չկա, եթե անհրաժեշտություն առաջանա, անպայման ինքը նաեւ կպահանջի, որ նախկին վարչապետը ներկայանա ու ցուցմունք տա:

«Հիմա պաշտպանական կողմի համար ինչ տարբերություն նախկին վարչապետը, թե ուրիշ մեկը, քննչական կողմն էլ կաշկանդված չէ եւ առաջին հերթին քննչական կողմը պետք է իր գործի շահերից ելնելով, որ լրիվությամբ քննեն, ով որ անհրաժեշտ է, գործի օբյեկտիվ կողմերից ելնելով, առանց կաշկանդվելու կարող են հրավիրել հարցաքննելու համար»:

Back to top button
Close