Նորություններ

«ԼՂՀ իշխանություններն իրենց գործընկերներին՝ ՀՀ իշխանություններին չեն ուզում подводить անեն…». Արցախում հանրահավաքի են պատրաստվում

Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել, «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեն հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է, թե կոմիտեն նախատեսում է առաջիկա օրերին հանրահավաք անցկացնել Ստեփանակերտում:

ԼՂՀ պատգամավոր, «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի անդամ Վահան Բադասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ կոմիտեի կողմից ծրագրվող հանրահավաքին, սակայն դեռևս տեխնիկական հարցերի մասին խոսել չցանկացավ՝ նշելով միայն. «Հարցն այն չէ, թե երբ կկայանա միտինգը, կկայանա, թե չի կայանա, ինչպես և քանի հոգով, հարցը սա չէ, հարցն այն է, որ բանը հասել է միտինգին, հանրահավաքին»:

Վահան Բադասյան

Խոսելով հանրահավաքի գաղափարական կողմի մասին՝ ԼՂՀ պատգամավորը նշեց, որ  հանրահավաքն իր տրամաբանական ձևաչափն ունի: Ըստ պատգամավորի՝ հայաստանյան իշխանությունները Արցախյան հարցում, Մաքսային միության հարցում, Հայաստանի ներքին և արտաքին կյանքում շատ վատ դիրք են բռնել և սխալ ճանապարհի վրա են, սխալ հոսանքների տակ են, ինքնիշխանությունը կորցրած են և դրա  արդյունքում Հայաստանը ոչ միայն չի զարգանում, դեռ ավելին, արտագաղթ է, և այդ նույնը կարող ենք ասել և Արցախի մասին, ու Արցախյան հարցում էլ մենք անընդհատ գրանցում ենք նահանջ բանակցությունների մեջ, և սա կարող է անդառնալի կորուստների բերել: Պատգամավորը մեկնաբանելով՝ ընդգծեց. «Մենք միջոցներ, երկխոսություն բազմիցս ձեռնարկել ենք, սակայն ապարդյուն  և երբ արդեն չորրորդ իշխանության՝ լրատվության  միջոցով էլ մենք մեր ձայնը լսելի ենք դարձնում և դրան ի պատասխան ոչինչ, ապա արդեն պետք է հրապարակի անցնել: Այսինքն սա այն փուլն է, երբ պետք է Արցախում ժողովրդին անհապաղ ոտքի հանել: Հայաստանի իշխանություններից որևէ հույս չկա, իսկ Ղարաբաղի իշխանությունները պահպանում են քար լռություն: Այսինքն ԼՂՀ իշխանությունները իրենց գործընկերներին՝ ՀՀ իշխանություններին չեն ուզում «подводить» անեն, վարկաբակեն, որովհետև նրանք իրենց գործընկերներն են, և կարելի է ասել մեկը մյուսի հովանավորյալն է: Հիմա հանրահավաքն այն փուլում է, որ պատրաստվում ենք այս ամենը հասցնել ժողովրդին՝ բերել այն բանին, որ եթե հայրենասեր են, եթե նամուս ունեն՝ հրաժարական տան»:

Վահան Բադասյանը նշեց նաև. «Մաքսային միություն չի լինելու, այն գոյություն չի ունենա և չի էլ գործի: Սակայն եթե, Աստված մի արասցե, գործի, ապա դա կունենա կործանարար ազդեցություն Հայաստանի համար: Սա մի պատրվակ է Հայաստանին տնտեսապես ստրկացնելու և գաղութ դարձնելու համար: Թե Հայաստանում ու թե Արցախում էլ մարդ չի մնա… Իշխանության նպատակը գուցե և սա չէ, բայց գործողությունները դրան են հանգեցնում»:

Back to top button
Close