ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ինչպիսի ազդեցություն ունեն համեմունքներն առողջության վրա

Պատմական եւ աշխարհագրական առումով այնպես է ստացվել, որ համեմունքները դարձել են մեր խոհարարական կյանքի անբաժանելի մասը: Համաձայնեք, որ դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու խոհանոցն առանց մի շարք անուշաբույր բանկաների եւ տոպրակների պարունակության: Համեմունքները ոչ միայն ազդում են մթերքների համային հատկանիշների, այլեւ մեր առողջության վրա ու այս մասին խոսվում է ինչպես հնագույն բժշկական աշխատություններում, այնպես էլ գիտական վերջին հետազոտություններում:

Համեմունքների արժեքը

Մի ժամանակ համեմունքները գնահատվում էին բառացիորեն ոսկով: Նրանց ետեւից գնում էին ամբողջ նավատորմեր, եւ այդ ճանապարհորդությունների արդյունքում նույնիսկ աշխարհագրական հայտնագործություններ էին կատարվում: Այս վերաբերմունքը պայմանավորված էր համեմունքների հատկություններով եւ ուտելիքի համը փոխելու նրանց ունակություններով: Հին ժամանակներում մթերքները դժվար էր երկար ժամանակով պահեստավորել, իսկ համեմունքներն օգնում էին զերծ մնալ տհաճ համերից: Բացի այդ, ինչպես ցույց է տալիս հնդկական փորձը, քարրին, որն իր մեջ ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, հիանալի պահպանման միջոց է: Համեմունքների թվաքանակը շատ բազմազան է` անիսոն, եղեսպակ, ռեհան, թարխուն, սեւ եւ կարմիր պղպեղ, մեխակ, վանիլ, համեմ, դարչին, քունջութ, չաման եւ այլն: Նրանցից յուրաքանչյուրը, որոնք իհարկե ունեն բուսական ծագում, ունի իր ուրույն համային ու որակական հատկությունները:

Զգույշ եղեք

Այսօր այդ անհրաժեշտությունն այլեւս չկա գնալ հեռավոր երկրներ զանազան համեմունքների համար: Բայց պետք է նկատի ունենալ, որ մատչելիության հետ մեկտեղ հաճախ որակն ընկնում է, եւ համեմունքները կարող են վտանգ պարունակել իրենց մեջ: Չափազանց զգուշավոր պետք է լինել ընդհանուր անվանումներով տարբեր խառնուրդների նկատմամբ, օրինակ` «Ձկան համեմունք», «Համեմունքներ մսի համար», «Փլավի խառնուրդ», «Ձիթապտղի համեմունքներ»: Տարբեր բաղադրիչներով նման հավաքածուները սովորաբար լրացվում են քիմիական բաղադրիչներով համի բարելավման համար:

Մյուս վտանգը ոչ թե որակն է, այլ` քանակը: Մեծ քանակության դեպքում` հինգից տասը գրամ եւ ավելիի դեպքում, համեմունքներն իրականում կարող են հանգեցնել լուրջ առողջական խնդիրների: Մշկընկույզը, եղեսպակը եւ դարչինը կարող են ջղաձգություն առաջացնել: Ռոզմարինը` խնկունին եւ շաֆրանը հակացուցված են հղիության ընթացքում: Իր հանգստացնող հատկության շնորհիվ մեխակն առաջացնում է ծանր քնկոտություն:

Համեմունքները բավականաչափ ուժեղ գրգռիչներ են, որոնք կարող են հիվանդության զարգացման պատճառ դառնալ: Գաստրիտի, խոցի, ալերգիկ երեւույթների ժամանակ, ասթմայի, ինչպես նաեւ միզապարկի բորբոքման դեպքում ցանկալի է սահմանափակել համեմունքների օգտագործումը կամ ընդանրապես բացառել դրանք սննդակարգից: Խորհուրդ չի տրվում որոշ համեմունքներ համադրել դեղերի հետ, օրինակ` ասպիրինը եւ քարրին, քանի որ համեմունքների հատկությունները չեզոքացնում են դեղերի ազդեցությունը:

Կարմիր պղպեղն այդքան կծու է, քանի որ իր բաղադրության մեջ ալկալոիդային կապսաիցին նյութ կա: Եթե կապսաիցինն ընկնում է աչքերի մեջ, ապա դա կարող է լուրջ վնաս հասցնել ցանցաթաղանթին:

Համեմունքների օգտակար հատկությունները

Յուրաքանչյուր համեմունք, բացի յուրահատուկ համից եւ բույրից, ունի օգտակար հատկությունների եւ հատկանիշների իր սեփական շարքը:

Մեխակը եւ դափնու տերեւը թե’ համեմունքի, եւ թե’ յուղի տեսքով օգնում են վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ:

Գրացի համալսարանում անցկացված բժշկական փորձարկումներն ապացուցել են, որ քրքումը կանխում է լյարդի ցիռոզի զարգացումը, կարգավորում է լեղածորանի աշխատանքը եւ դադարեցնում բորբոքային պրոցեսները:

Ամարանտը` աղվեսագին, համեմը, դարչինը (այս բոլոր համեմունքները գրեթե մտնում են  քարրիի բաղադրության մեջ) օգնում են հաղթահարել այն բացասական հետեւանքները, որոնք առաջացել են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով եւ խորհուրդ են տրվում տարեցներին եւ շաքարախտով հիվանդներին:

Քունջութն ազդում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա, կարգավորում է արյան ճնշումը: Քունջութի յուղը խթանում է աղիների աշխատանքը:

Վանիլը՝ շնորհիվ պոլիֆենոլի հակաօքսիդիչ հատկությունների կանխում է  քաղցկեղածին բջիջների առաջացումը, դանդաղեցնում է ծերացումը, հանդիսանում է Ալցհեյմեր եւ Պարկինսոն հիվանդությունների կանխարգելման միջոց:

Բոլորին հայտնի կարմիր կամ սեւ պղպեղը նույնպես կանխում է քաղցկեղածին բջիջների առաջացումը, բացի այդ, հիանալի միջոց է մրսածության դեմ: Կարմիր պղպեղը նաեւ կարգավորում է արյան մակարդելիությունը, ամրապնդում է  ոսկրածուծը,  խորհուրդ է տրվում նաեւ ծխողներին, քանի որ բետա-կրիպտոկսանտինի մեծ պարունակության շնորհիվ այն չեզոքացնում է ծխախոտի ազդեցությունը:

Չափավոր օգտագործեք համեմունքները եւ մի մոռացեք, որ նրանք գրեթե բոլորն էլ գերազանց ֆերոմոններ են:

Back to top button
Close