Նորություններ

«Եթե Ադրբեջանը ԼՂՀ-ի հետ կազմավորի որեւէ տնտեսական միություն, այդ դեպքում միգուցե ադրբեջանցի ռազմական փորձագետի խնդրանքը հասկանալի կլիներ»

Արտաշես Գեղամյանի հայտարարություններն այն մասին, որ ողջունելի է Ադրբեջանի մուտքը ԵՏՄ Հայաստանի կողմից, և որ այդպիսով կլուծվի նաեւ Արցախի հարցը, տարբեր կերպ են մեկնաբանում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը մասնավորապես դժվարանում է հավատալ, որ Ա. Գեղամյանը նման բան ասել է:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ա. Գեղամյանն ասել է.

«Այլ բան է, որ օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ձգձգվում է ԵՏՄ-ին միանալու հարցը: Սակայն շատ շուտով տեղի կունենա ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի հանդիսավոր ստորագրումը: Ի դեպ, մենք շատ ենք ցանկանում, որ Ադրբեջանը նույնպես անդամակցի այդ միությանը: Դա զգալիորեն կնպաստի մեր միջև առկա խնդիրների ու անըմբռնողության լուծմանը: Ի դեպ, այսօր ով է հիշում, թե ում է պատկանում Էլզասը: Արդեն որևէ նշանակություն չունի, թե Էլզասը ֆրանսիական է կամ գերմանական: Այն Միացյալ Եվրոպայի մայրաքաղաքն է: Եվ այլևս չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին որ սահմանն է»:

ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը տեղյակ է այս հարցազրույցից, բայց ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը վստահ չէ, որ Ա. Գեղամյանը նման բան ասած կլինի:

«Ես վստահ չեմ, որ ադրբեջանական լրատվամիջոցները ազնիվ չեն եղել պարոն Գեղամյանի մտքերը փոխանցելուց»:

Չնայած, որ Ա. Գեղամյանը իր այս խոսքը հաստատել է Tert.am-ի հետ զրույցում՝ իր այդ հարցազրույցը համեմատելով «շխկոցների կամ ռումբի պայթյունի հետ»:

Գեղամյանի առաջարկին արձագանքել է ադրբեջանցի ռազմական փորձագետ և ռազմական լրագրող Ուզեիր Ջաֆարովը՝ հայտարարելով, թե Ադրբեջանը պատրաստ է 3 շրջանի վերադարձի դիմաց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Այս առնչությամբ էլ Վահրամ Աթանեսյանը ասաց.

Ադրբեջանական կողմից ինչ-որ մի ռազմական փորձագետ անպատասխանատու հայտարարություններ է անում, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է նրանց հող տանք: Այսինքն ԵՏՄ Ադրբեջանը կանդամակցի, թե չի անդամակցի, դա իր խնդիրն է եւ իր որոշումն է, ի՞նչ կապ ունի մեր մեկ քառակուսի մետր տարածքը իրենց անդամակցման հետ»:

Ապա ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հավելեց.

«ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԵՏՄ անդամակցությունը ոչ մի կապ չունի ԼՂ խնդրի կարգավորման հետ, այլ բան, եթե օրինակ Ադրբեջանը ԼՂՀ-ի հետ կազմավորի որեւէ տնտեսական միություն, այդ դեպքում միգուցե ադրբեջանցի ռազմական փորձագետի խնդրանքը հասկանալի կլիներ»:

Երբ խնդրեցինք պարզաբանել՝ ինչ տնտեսական միություն, Պարոն Աթանեսյանը պատասխանեց.

«Երկու անկախ երկրները իրավունք չունե՞ն որեւէ տնտեսական միություն ձեւավորել: Տեսականորեն, հիփոթետիկ առումով եմ ասում. Ադրբեջանը ցանկություն եթե հայտներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին ձեւավորել ինչ-որ տնտեսական միություն եւ դրա դիմաց ասենք առաջարկեր իրեն ինչ-որ տարածքներ, դա գոնե տրամաբանության մեջ կմտներ»:

Back to top button
Close