ՄեկնաբանությունՆորություններ

«Իսկ Եվրոպայի Ասոցացման համաձայնագիր Հայաստանը Ղարաբաղո՞վ էր ստորագրելու». ինչու է ձգձգվում ԵՏՄ-ին միանալու գործընթացը

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության հիմնադիր հանդիպումից հետո ԵՏՄ զարգացման դեպարտամենտի տնօրենը հայտարարեց, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ կլինի մինչեւ հունիսի վերջ, իսկ հուլիսի մեկին նախատեսվում էր փաստաթղթի ստորագրում: Սակայն ակներեւ է այն, որ գործընթացը ձգձգվում է: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վերջերս նշել էր, թե բանակցությունները դեռեւս ավարտված չեն, եւ կան տեխնիկական հարցեր, որոնց պատճառով էլ հնարավոր է փաստաթղթի ստորագրման գործընթացը ձգձգվի:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով կարեւոր է, որ  հայկական կողմն այս ժամանակահատվածը ճիշտ օգտագործի ու վերանայի՝ արդյո՞ք արտաքին կողմնորոշման ճիշտ ուղի՞ է որդեգրվել. «Վերանայել, հասկանալ, գիտակցել, թե արդյո՞ք Հայաստանին պետք է դա, թե չէ, հնարավորություն ունենալ գնահատել, թե արդյոք Հայաստանը ճիշտ ուղու վրա է, այնպես որ սպասենք տեսնենք եւ օգտագործենք ամեն օրը մտածելու, քննարկելու, վերանայելու Հայաստանի շահերից բխող քաղաքականությունը, այլ ոչ թե ուղղակի փորձենք միանալ մի միության, որտեղ գտնվող երկրները մտահոգվում են իրենց երկրների, այլ ոչ թե Հայաստանի շահերով»,- գտնում է պատգամավորը:

Ըստ նրա՝ գործընթացը ձգձգվում է, քանի որ ՀՀ ղեկավար պաշտոնյաների մատնանշած տեխնիկական հարցերից բացի կան նաեւ քաղաքական խնդիրներ. «Ռուսաստանը միշտ իր շահերով է առաջնորդվելու, իրենց շահերը ոնց որ թե արդեն բարձաձայնվեցին վերջին շրջանում տարբեր չինովնիկների մակարդակով: Իրենք շատ են ցանկանում, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, դա ինքին խոսում է, որ Ռուսաստանն իր շահերն է առաջ տանում, Ղազախստանը ապացուցեց, որ իր շահերով է առաջնորդվում, երբ ընթերցեց նախագահը Ալիեւի շահերը, Բելոռուսի նախագահը եւս ցույց տվեց ամեն ինչ, հայտարարեց, որ մեզ պետք է այդ միությունը, ուր ենք գնում, եթե այնտեղ չկա տնտեսություն եւ միայն քաղաքականություն է: Ամեն երկիր իր շահերով է առաջնորդվում, հիմա Հայաստանն էլ իր շահերով պետք է առաջնորդվի, որ չդառնա այլ երկրների շահերի խաղալիքը, եւ հենց էս ժամանակը պետք է օգտագործենք եւ մեր քաղաքականությունը որոշենք: Էդ ամեն ինչը հաշվարկելով, գնահատելով՝ ճիշտ որոշում ի վերջո կայացնենք»,- գտնում է Թեւան Պողոսյանը:

Այնինչ օրինակ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արման Սահակյանը չի կարծում, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու հարցում գոյություն ունեն նաեւ քաղաքական խնդիրներ,    Ղարաբաղյան հիմնահարցի շահարկում ԵՏՄ անդամ երկների կողմից եւս նա  չի տեսնում. «Հայաստանը, որ Եվրոպայի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրեր, Ղարաբաղո՞վ պետք է ստորագրեր, երբեւէ լսե՞լ եք, որ եվրոպացի մի չինովնիկ հայտարարի, որ երբ որ Հայաստանը Եվրոպայի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրի, Ղարաբաղն էլ է ասոցացվում, երբեւէ չի եղել նման բան: Չեմ գտնում, որ դա է պատճառը, քանի որ ամեն դեպքում Հայաստանը մի շարք տարբեր կառույցների, նաեւ առեւտրային մի շարք պայմանագրեր ունի, որոնք աշխատում են, Ղարաբաղը անկախ պետություն է եւ փորձում է Մինսկի խմբի տրամաբանության մեջ ազգերի ինքնորոշման ճանապարհով գնալ, եւ չեմ կարծում, որ Ղարաբաղը խոչընդոտ է այդ ուղղությամբ»,- գտնում է Արման Սահակյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը ավելի շատ հակված է այն կարծիքին, որ խնդիրները տեխնիկական են, ինչպես նշում են էկոնոմիկայի նախարարությունից. «Չնայած տնտեսությունը քաղաքականության հետ կապ ունի, բայց իմ համոզմամբ Հայաստանի գլոբալ խնդիրները տնտեսական են, եւ պետք է երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագիր ունենա, տնտեսությունը ամուր չի, Հայաստանը խնդիր ունի ապրանք արտահանելու, արտահանման ծավալները, ցավոք սրտի, փոքր են եւ  տնտեսական ուղղությամբ գտնում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք: Բացի տնտեսականից նաեւ ռազմականն է կարեւոր, մենք ինտեգրված ենք զուգահեռ կառույցների մեջ՝  Համապարփակ անվտանգություն եւ այլն: Դրա համար էս ամեն ինչից ելնելով՝ կարծում եմ՝ ճիշտ որոշում է: Բայց Հայաստանը էս տարիների ընթացքում բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների է գնացել, հիմա բանակցությունների շնորհիվ պետք է էնպես արվի, որ Հայաստանն այս իրավիճակում շահող դուրս գա»,- նշեց Արման Սահակյանը:

Back to top button
Close