ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ուղեղի հինգ գաղտնիքները. ինչպե՞ս դառնալ հանճարեղ

Երկար հարյուրամյակներ ուղեղը բացարձակ առեղծված է եղել: Միայն քսաներորդ դարի  վերջին գիտնականները սկսեցին  բացահայտել դրա գաղտնիքները: Վերջին տարիներին հզոր համակարգիչների եւ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կատարվեցին հետագա լուրջ հայտնագործությունները: Սակայն այդ օրգանի աշխատանքի մեջ դեռ շատ բան անհասկանալի է մնում: Ահա հետազոտության հինգ կարեւոր ուղղություններ, որոնք փորձում են բացահայտել ուղեղի վերջին գաղտնիքները…

Ինչպե՞ս հանճարներ դարձնել մեզ բոլորիս

Ուղեղի ռեսուրսներն ակտիվացնելու համար մարդիկ սովորաբար կոֆեին են օգտագործում: Բացառված չէ, որ շուտով մեր կյանք կմտնեն հատուկ դեղահաբեր, որոնք կկարողանան օգնել, ասենք՝ քննություններին բարձր միավորներ ստանալու համար:

Նեյրոբիոլոգ Բարբարա Սահակյանը՝ Քեմբրիջի համալսարանից, ուսումնասիրում է նոոտրոպիկ (nootropic) ազդեցություն ունեցող դեղամիջոցներ, որոնք մեզ խելացի են դարձնում: Նա ոչ միայն ուսումնասիրում է դրանց ազդեցությունը վիրաբույժների կամ օդաչուների վրա, այլեւ հետաքրքրվում է, թե արդյո՞ք դրանք կարող են բարելավել, օրինակ, մեր ձեռնարկատիրական ունակությունները:

Մինչդեռ, Սահակյանը նախազգուշացնում է, որ դեռեւս տվյալներ չկան, թե դրանց երկարատեւ օգտագործումն ինչպես կարող է ազդել մեզ վրա:

Նրա կարծիքով դեղերի շրջանառության գիտական ​​եւ էթիկական կողմերը եւս պետք է քննարկել:

Ինչպե՞ս ընտելացնել սեփական ենթագիտակցությունը

Օրինակ, երբ երաժշտական ​​գործիք են նվագում կամ չեզոքացնում են  ռումբերը: Գիտությունը ցույց է տալիս, որ այդ դեպքերում մեզ կօգնի ենթագիտակցության զսպումը:

Բոլորին է հայտնի, որ բազմակի անգամ նվագելով երաժշտական​​ բարդ հատվածները՝ երաժիշտները դրանք ավելի լավ են հիշում: Սակայն թավջութակահար Տանյա Լիսբոան պնդում է, որ նաեւ օգտակար է բարդ հատվածները գիտակցությունից տեղափոխել ենթագիտակցություն (այսինքն՝ ուղեղի համապատասխան հատվածները):

[tumblr_ml6e0lzBcF1qhejy8o1_500%255B3%255D.png]

Փորձերից հետո այս կամ այն ստեղծագործությունը պահվում է փոքր ուղեղում` ուղեղի հետին մասի հատվածում: Նեյրոբիոլոգ, պրոֆեսոր Անիլ Սեթը` Սասսեքսի  համալսարանից, բացատրում է.

«Այնտեղ ավելի շատ ուղեղի բջիջներ կան, քան ուղեղի մնացած մասում: Այն նպաստում է ինքնաբուխ շարժումների զարգացմանը: Երբ մեղեդին նոր է կամ բարդ, այն յուրացնելու ջանքերը կենտրոնանում են գլխուղեղի կեղեւի շերտում, ապա փոխանցվում փոքր ուղեղին, որին լավ է հաջողվում վերարտադրել ինքնաբուխ վարքագիծը ենթագիտակցաբար, ըստ պահանջի»:

Առաջին հայացքից երաժշտության եւ պաշտպանության միջեւ քիչ բան կա, բայց ենթագիտակցությունը կարող է նաեւ օգնել բացահայտել հնարավոր սպառնալիքները՝ ամբոխի մեջ կասկածելի մարդկանցից մինչեւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր:

Ինչու՞ են մեզ պետք երազները

Հին Միջագետքում ընդունված էր համարել, որ քնի ժամանակ հոգին թողնում է մարմինը եւ այցելում բաղձալի վայրեր:

Արագ քնի փուլը, որը տեղի է ունենում մոտ ամեն կես ժամը մեկ, սկսվում է ազդակներով` ուղեղի հիմքից, որոնք ի վերջո հասնում են գլխուղեղի կեղեւին` ուղեղի արտաքին շերտին, որը պատասխանատու է մտածելու եւ տեղեկությունները յուրացնելու համար: Նյարդային այդ ազդակները նաեւ ուղարկվում են ողնուղեղ` առաջացնելով վերջույթների ժամանակավոր անշարժացում:

Պրոֆեսոր Ռոբերտ Սթիքգոլդը Բոստոնի բժշկական կենտրոնի քնի եւ ճանաչողության բաժնից պնդում է, որ երազներն անհրաժեշտ են հիշողությունների վերամշակման համար:

Սթիքգոլդն ապագայից ակնկալում է «տեսնել մի ուսումնասիրություն, որը կորոշի կանոնները, որով կարելի է կառուցել երազները եւ այն ամենն, ինչը կապված է ավելի լայն խնդրի` քնի ժամանակ հիշողությունների վերամշակման հետ»:

Եւս մեկ, սակայն դեռեւս անհասանելի նպատակ է սովորել տեսնել միայն ուրախ երազներ եւ ազատվել վատերից, հատկապես մղձավանջներից:

Ինչպե՞ս բուժվել

Երբ մենք մտածում ենք, խոսում, երազում եւ նույնիսկ սիրում, այս ամենի համար պատասխանատու է գորշ նյութը: Բայց մեր ուղեղը «գունավոր» է: Սպիտակ նյութը նույնպես կարեւոր է, մասնավորապես, ըստ բրիտանացի գիտնական, դոկտոր Ատտիկուս Գեյնսուորթի  պնդմամբ կարեւոր դեր կարող է խաղալ սպիտակ նյութի արյան մատակարարումը:

Իր հետազոտությունների համար Գեյնսուորթն օգտագործում է Օքսֆորդում ու Շեֆիլդում ուղեղի հյուսվածքների դոնոր բանկաները: Նա վերլուծում է սպիտակ նյութում հիվանդության հնարավոր պատճառների առկայությունը, ինչպիսիք են, օրինակ, արյան անոթները:

Եթե​​ սպիտակ նյութի ախտահարված անոթներն իսկապես առանցքային դեր են խաղում որոշ հիվանդությունների զարգացման գործում, ապա այս հետազոտությունները կարող են նոր հեռանկարային ուղղություն բացել բուժման նոր դեղորայքային սխեմաների մշակման համար:

Ինչպե՞ս  մեղմել ցավը

Անտանելի խրոնիկ ցավը բժշկության ամենաբարդ խնդիրներից մեկն է: Դժգոհ լինելով ավանդական լուծումներից, ինչպիսիք են ցավազրկող միջոցները, վիրաբույժներն այժմ փորձարկում են իրենց տեսությունն այն մասին, որ ցանկալի թեթեւացում կարելի է առաջացնել խորքային մակարդակով ուղեղի խթանման միջոցով:

Դա նյարդավիրաբուժական մեթոդ է, որը նախատեսում է էլեկտրոդների տեղադրում, որոնք կհասնեն ուղեղի խորը հատվածներ:

Հիվանդի անրակի տակ փոխպատվաստված հատուկ խթանիչը սահմանում է համապատասխան հատվածների խթանման ռիթմը:

Հիվանդներից մեկը՝ Քլայվը, ով նախկինում անտանելի ցավեր է ունեցել, այժմ իր նոր իմպլանտներով կարողանում է երկար նստել, երկար քայլել, ամեն ինչ ավելի հեշտ է դարձել նրա համար` ուղեղի համապատասխան հատվածի խթանման շնորհիվ:

Պրոֆեսոր Ազիզը՝ Օքսֆորդի Ջոն Ռեդքլիֆֆ հիվանդանոցից, օգնում է հիվանդներին բուժվել վերոհիշյալ մեթոդով: Սակայն նա հստակ գիտակցում է, թե ինչպիսի բարդ էթիկական հարցեր կառաջանան, եթե ինչ-որ մեկը ցանկանա տարածել այս մեթոդն այլ դեպքերի համար: «Օրինակ՝ էլեկտրոդների օգնությամբ կարելի է բարելավել հիշողությունը, նաեւ կարելի է դրանք փոխպատվաստել այնպես, որ մարդիկ դառնան անտարբեր վտանգի նկատմամբ՝ ստեղծելով կատարյալ ռազմիկներ»,- զգուշացնում է գիտնականը:

Ավելին
Back to top button
Close