Նորություններ

Ա. Սուքիասյանի փաստաբանը շնորհավորում է Տ. Սարգսյանին, իսկ տուժող կողմը մտահոգված է

Օֆշորային հայտնի սկանդալի հետեւանքով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանն անհանգստացած է այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը  նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)։ Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները Տիգրան Սարգսյանին թողեցին անպատիժ՝ անընդհատ հայտարարելով, թե նախաքննություն է ընթանում և որ նախաքննական մարմինը պետք է բացահայտի, թե նախկին վարչապետի առնչությունը  օֆշորային սկանդալին ինչպիսին է եղել.

«Կա նախագահ, կա դատախազ, ով գիտի իրանք ինչ են մտածում, ինչն են որոշում, մեղավորություն ունե՞ր էդ մարդը, չունե՞ր, թողել են նախաքննական մարմնին, ես մի բան գիտեմ, որ իմ ապրանքի գումարները գնացել են իրա հաշվին, իրա ընկերոջ հաշվին, հիմա ինքն ապացուցե՞լ է, որ իր հաշվին չի գնացել, համենայնդեպս ինձ ոչ մի բան չեն ասել»,- նշեց Փայլակ Հայրապետյանը: Նա մեզ հետ զրույցում դժհոգեց նաև, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, իրեն տեղյակ չեն պահում, թե ինչ մանրամասներ են բացահայտվել. «Քննություն է ընթանում, ինձ ով կլսի, որ ես ինչ-որ բան պահանջեմ, պտի քննիչն ու դատախազը լավ աշխատեն: Ես պահանջում եմ, բայց ինչ է ստացվում, սաղ ժողովուրդն են պահանջում արդարություն, ի՞նչ, օգուտ կա՞, նույնն էլ ես, ես էլ ժողովրդի մի մասնիկ եմ»: Անդրադառնալով Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի այն արձագանքին, թե «Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բազմիցս ասել է, որ որևէ կապ չունի Աշոտ Սուքիասյանի գործի հետ, իրազեկված կամ տեղեկացված չի՞ եղել օֆշորային գոտում գրանցված կազմակերպության մասին», գործարարը նշեց. «Հա դե իրան ինչ կա, ինչից պետք է վախենան, մի մարդը, որ չի ամաչում, կարո՞ղ է վախենալ, իհարկե ոչ, չեմ իմանում ինչ ստացվեց ի վերջո»,- նշեց Փայլակ Հայրապետյանը:

Իսկ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, թե երկու օր է նախաքննական մարմինը հարցաքննում է իր պաշտպանյալին. «Հարցաքննվում է, ու առանձնապես բան չենք կարող առայժմ ասել, քանի որ նախաքննական գաղտնիք կա, երկու օր եղավ՝ հարցաքննում են»: Փաստաբանը շնորհավորեց Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ ու նշեց.

«Սպասենք տեսնենք՝ ինչ կասի Աշոտ Սուքիասյանը, նոր մենք կխոսենք առավել մանրամասն: Իսկ նախաքննության արդյունքները ցույց կտան՝ արդյոք անհրաժեշտություն կա՞ Տիգրան Սարգսյանին դատարան կանչելու հարցաքննելու համար, թե՞ ոչ, այս պահի դրությամբ չկա, բայց կրկնում եմ՝ պետք է տեսնենք, թե ինչ է ասում նախաքննության ընթացքում Աշոտ Սուքիասյանը»,- նշեց Յուրիկ Խաչատրյանը:

Back to top button
Close