Նորություններ

Գ. Կոստանյանը՝ կրակոցների, օֆշորային սկանդալի եւ դատախազների` աշխատանքից ազատվելու պատճառների մասին

Գեւորգ Կոստանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ նաեւ որոշ մասնավոր դեպքերի ու տարբեր առիթներով խոսակցություններին: Մասնավորապես հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, ըստ որոնց՝ Կոստանյանը խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի Աղվան Հովսեփյանը չնշանակվի  քննչական կոմիտեի պետ, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ինձ համար՝ որպես գլխավոր դատախազի, բացարձակ տարբերություն չկա՝ ով  կլինի քննչական կոմիտեի  ղեկավար, բացարձակ: Նախ ինձ համար տարբերություն չկա, թե այդ քննչական կոմիտեն ինչ կառուցվածք կունենա, որովհետեւ ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ անկախ նրանից՝ քննչական ապարատը կլինի կենտրոնացված, թե ապակենտրոնացված, դատախազական  գործառույթի բովանդակությունը դրանից չի փոխվի: Իսկ թե ով կղեկավարի, առավել եւս նշանակություն չունի, որովհետեւ դրանից եւս դատախազական գործառույթի բովանդակությունը չի փոխվում:  Ով ուզում է թող լինի»:

Պատասխանելով օֆշորային սկանդալին առնչվող Փայլակ Հայրապետյանի հայտարարություններին, որոնցում մեղադրում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Արարարտյան թեմի հոգեւոր առաջնորդ Նավասարդ արքեպ. Կճոյանին, նշեց, որ գործի քննությունն անմիջականորեն իր հսկողության տակ է. «Նախ՝ որեւէ մեկը չի կարող ասել՝ ինչ գործողություն է կատարել, ինչը՝ ոչ, եւ եթե սուբյեկտը տեղյակ չի՝ ինչ գործողություններ են իրականացվել, դա դեռեւս չի նշանակում, որ այդ գործողությունները չեն իրականացվել, այդ գործը գտնվում է իմ ուշադրության կենտրոնում, բազմաթիվ քննչական գործողություններ կատարվել են, եւ փաստը, որ Աշոտ Սուքիասյանը արտահանձնվել է եւ գտնվում է ՀՀ-ում, նոր թափ կհաղորդի քննությանը, եւ ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ հետո անհրաժեշտ քննչական գործողություններն իրենց արդյունքը կտան, եւ հետո միայն մենք կկարողանանք գնահատել, թե ով ինչ հնարավորություն ուներ եւ ինչի համար: Համենայնդեպս այս պահին ավելին չեմ կարող ասել»,-ասաց Կոստանյանը:

Մանրամասնելով նաեւ դատախազների՝ աշխատանքից ազատվելու պատճառները՝ Կոստանյանը նշեց, թե հիմնականում անձնական, տնտեսական, սոցիալական բնույթի են, ոչ թե բիզնեսով զբաղվելու հետեւանք, անգամ օրինակ բերեց. «Ոչ թե բիզնեսներ ունեն, այլ մարդիկ, ովքեր այդ պատճառներով ազատվելու դիմում են ներկայացրել, մարդիկ ունեն սոցիալական, տնտեսական, անձնական խնդիրներ, ես ունեի ազնիվ դատախազ, ով դիմում ներկայացրեց ամուսնանալու պատճառով, նա տարիներ շարունակ երկար եւ համառ աշխատանքային գործունեություն է ունեցել եւ հարմար էր, որ ինքն աշխատանքից դուրս գա զուտ ամուսնանալու նպատակով»:

Դեպքեր, որոնք եւս ուշադրությունից չեն կարող վրիպել, խոսքը պարբերաբար Երեւանի տարբեր հատվածներում հնչող կրակոցների մասին է, ի՞նչ միջոցներ է ձեռնարկում այս առնչությամբ դատախազությունը եւ ինչի՞ հետեւանք է համարում դեպքերի ավելացումը, Կոստանյանը համոզված է. «Իհարկե անպատժելիության մթնոլորտը ինքնին հանցագործության աճին է նպաստում, այսինքն՝ եթե պատշաճ պատասխանատվության չենթարկվի, հանգեցնում է այլ հանցագործությունների գեներացիային: Անպատժելիության մթնոլորտը գործնականում պետք է բացառվի, բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության իրենց արարքի համար, ինչու են շատացել, չեմ կարծում, որ հանցագործության կամ հանդուգն վարքագծի աճ ունենք, ես կարող եմ դա վերագրել նրան, որ ավելի շատ է խոսվում եւ լուսաբանվում, այսինքն՝ լատենտայնությունը տվյալ տեսակի հասարակական կարգի հանցագործությունների նվազել է, եւ ցանկացած բան տեսանելի է: Իսկ թե ինչ միջոցներ կձեռնարկվեն, ապա ես վստահ եմ, որ ոստիկանության կողմից լուրջ աշխատանք է կատարվում կանխարգելիչ եւ նախականխարգելիչ, այդ թվում ապօրինի զենք-զինամթերքի օգտագործումը կանխելու տեսակետից,  լուրջ արդյունքներ ունենք՝ օպերատիվ, պրոֆիլակտիկ»,-վստահեցրեց գլխավոր դատախազը:

Back to top button
Close