Նորություններ

«Արքեպիսկոպոս Կճոյանը կապ չունի Ա. Սուքիասյանի գործի հետ». մամլո դիվան

«Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բազմիցս ասել է, որ որևէ կապ չունի Աշոտ Սուքիասյանի գործի հետ: Իրազեկված կամ տեղեկացված չի եղել օֆշորային գոտում գրանցված կազմակերպության մասին»:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանն արձագանքեց ԳԱԼԱ-ի այն հարցադրմանը, թե Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն արդյոք մտավախություն չունի՞, որ Ա. Սուքիասյանը Սրբազանի դեմ ուղղված որևէ բան կարող է ասել:

Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանն արդեն Հայաստանում է, վերջինիս Վրաստանից Հայաստան արտահանձնեցին հունիսի 19-ին:

Ա. Սուքիասյանի փաստաբանը՝  Յուրիկ Խաչատրյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ընդգծել էր, որ իր պաշտպանյալը համաձայն չէ իրեն վերագրված արարքներին, հանցագործություններին ու քրեական գործերի հետ: Նա գտնում է, որ իր բացակայության ժամանակ շատ բան են բարդել իր վրա, եւ դրանք պարզաբանման կարիք ունեն: Փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ միակողմանի են փաստեր շարադրել, ու այդ ամենը դեռ վերանայման կարիք ունի:

«Գործն այս պահին իրավապահների ձեռքում է, և արդարադատության համակարգը պետք է պարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- եզրափակվում է մամլո դիվանի պատասխան նամակում:

Back to top button
Close