ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Առողջության համար օգտակար մթերքներ, որոնք փչացնում են ատամները

Բոլորն էլ գիտեն,  որ սուրճը, կարմիր գինին ու ծխախոտը վնասակար են ատամի էմալի համար, քանզի դրանց օգտագործումից այն մգանում է: Սակայն, ինչպես պարզվում է, ոչ միայն դրանցից: Ձյունափայլ ժպիտի թշնամիներն են համարվում հատկապես այն մթերքները, որոնք պարունակում են ատամի պաշտպանիչ էմալը քայքայող տարբեր թթուներ: Արդյունքում ատամները սկսում են զգալ տաքն ու սառը, դեղնում են ու դառնում խոցելի կարիեսի հանդեպ:

Այսպիսով, պարզենք, թե որոնք են այդ մթերքները.

1. Ազնվամորի

Ազնվամորին, ինչպես նաեւ այլ մուգ ու կարմիր հատապտուղները պարունակում են թթուներ եւ գունանյութեր, որոնք գունավորում են էմալը: Հատկապես այն մարդիկ պետք է զգուշությամբ ազնվամորի օգտագործեն, որոնց ատամների էմալը` արծնապակին, խիստ բարակել է:

2. Չորացրած մրգեր

Եթե ​​ չամիչի կամ ծիրանաչրի կտորները մնում են ատամների վրա կամ դրանց արանքում, ապա դա էմալի համար նույնն է, ինչ թթվի մեջ երկարատեւ թրջվելը: Բացի այդ, այդ մթերքները մեխանիկական վնաս են հասցնում ատամներին:

3. Արքայախնձոր

Սննդի մեջ արքայախնձորի հաճախակի օգտագործման դեպքում ատամները սկսում են քայքայվել: Նույն ազդեցությունն ունի նաեւ արքայախնձորի հյութը, իսկ դրա պատճառն այն է, որ այս պտուղը բարձր թթվայնություն ունի:

4. Նարինջ

Քչերը գիտեն, որ նարնջի հյութն ատամի էմալի վրա թողնում է ավելի քայքայիչ ազդեցություն, քան սպիտակեցնող դեղամիջոցները: Կրկին պատճառը մրգային հյութում պարունակվող ուժեղ թթուներն են, որոնք բառացիորեն քայքայում են էմալը: Ապացուցված է, որ նարնջի հյութը նվազեցնում է էմալի ամրությունը 84%-ով, հանգեցնում է ատամի փտախտի եւ կարիեսի առաջացման մեծ ռիսկի:

5. Մարինացված մթերքներ

Թթուն (սովորաբար քացախի), որն անհրաժեշտ է մարինացման համար, մթերքներին առանձնահատուկ թթվային համ է տալիս: Բայց հենց այդ թթուն վնասակար է ատամի էմալի համար: Ատամնաբույժները պնդում են, որ մարինացված մթերքների օգտագործումը` ավելի քան օրը մեկ անգամ, մեծացնում է ատամնաբուժական խնդիրների վտանգը 85%-ով:

6. Համեմունք աղցանների համար

Աղցանների համար նախատեսված տարբեր թանձրուկների եւ համեմունքների բաղադրության մեջ հաճախ նույն քացախաթթուն է առկա կամ էլ կիտրոնի հյութը, որը եւս  պակաս վնասակար չէ ատամների առողջության համար:

7. Սոյայի սոուս

Սոյայի թանձրուկը` սոուսը, գունավորում է ատամները ոչ պակաս, քան, օրինակ, սուրճը: Այնպես որ, նրա հետ նույնպես պետք է զգույշ լինել:

8. Կետչուպ

Լոլիկի հիմքով բոլոր թանձրուկները գունավորում են ատամները ոչ միայն լոլիկի վառ կարմիր գունանյութի, այլեւ լոլիկում պարունակվող բարձր թթվայնության պատճառով:

Այս բոլոր մթերքներն օգտակար են առողջության համար, շատերը համարվում են առողջ դիետաների մի մասը: Իսկ ի՞նչ անել, մեկընդմիշտ հրաժարվե՞լ դրանցից, եթե դրանք այդքան վնասակար են մեր ատամների համար: Իհարկե, ո՛չ: Բժիշկները մի քանի խորհուրդներ են տալիս, թե ինչպես խուսափել օգտակար այս մթերքների կողմնակի ազդեցություններից.

• փորձեք այդ տեսակի սնունդը երկար չպահել բերանում

• օգտագործումից անմիջապես հետո  ողողեք բերանը ջրով

• կարելի է փափուկ խոզանակով լվանալ ատամները, բայց ոչ անմիջապես, այլ թեկուզ 10 րոպե անց:

Back to top button