Նորություններ

Օծվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցու խաչը

Այսօր տեղի ունեցավ Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցու խաչի օծումն ու տեղադրումը գմբեթին: Նախատեսվում էր նաեւ  կաթողիկոսի այցը Գյումրի եւ մասնակցությունը այդ արարողությանը: Սակայն ինչպես ավելի ուշ պարզվեց, կաթողիկոսը չի այցելել Գյումրի եւ իր փոխարեն ուղարկել է Արթիկի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին, ով նաեւ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրենն է:

Հիշեցնենք, որ Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցին Անիի Մայր տաճարի կրկնօրինակն է, այն ավերվել է 1988 թ-ի երկրաշարժից եւ արդեն ավելի քան 14 տարի վերակառուցվում է: Ամենափրկչի վերակառուցումը ստանձնել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Գյումրու ներկա քաղաքապետ Սամվել Բալասանյանը երդմնակալության օրը հայտարարեց, որ ինքը ևս պատրաստ է ֆինանսներ ներդնել տեղական բյուջեից և ավարտին հասցնել եկեղեցու շինարարությունը, որին հաջորդեց Վ. Ղուկասյանի կոշտ արձագանքը Գյումրու հեռուստաընկերություններից մեկով: Վ. Ղուկասյանը հայտարարեց, որ ինքն է նախաձեռնել, և ինքը ավարտին է հասցնելու Սբ Ամենափրկչի շինարարությունը:

Այսօր խաչի օծման ժամանակ ներկա է եղել Գյումրու քաղաքապետարանից միայն նորանշանակ փոխքաղաքապետը՝ նախկին դատախազ Վաղինակ Մխիթարյանը:

Նշենք նաեւ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այսօր իր խոսքում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին շնորհակալություն է հայտնել բարերարության համար:

Մանրամասներն՝ ավելի ուշ:

Ավելին
Back to top button