«Ձեռքիս չափ են միջատները, կերան մեզ». հերթական բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց

Այսօր կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էր: Արմավիր մարզի Լենուղի գյուղի բնակիչները կառավարության շենքի մոտ առաջին անգամ են բողոքի հավաք անցկացնում: Վերջիններս նշեցին, թե արդեն հոգնել էլ սպասելուց ու խնդրելուց, այսօր վերջապես եկել և մտածում են այսպիսով իրենց խնդիրները լսելի դարձնել կառավարությանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նույն գյուղի բնակիչ Հովհաննես Վեսիլյանը նշեց, որ արդեն 25 տարի է համբերատար սպասում են, չնայած այդ տարիների ընթացքում միշտ էլ շենքերը խալխուլ ու վտանգավոր են եղել՝ չորրորդ կարգի վթարային շենք է, սակայն հիմա արդեն դանակը ոսկորներին է հասել՝ սպասել են 25 տարի. «25 տարի խաբում են՝ էսօր-էգուց, էսօր-էգուց… Ու էդ հարցը չի լուծվում: Արդեն քանդվում է, տառականներն էլ լցվել են տունը: Մենք կառավարությունից պահանջում ենք, որ այն, ինչը որ խոստացել են, խոստումներին տեր լինեն»:
ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե ի՞նչ են խոստացել կառավարության ներկայացուցիչները, ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Մեզ փող էին խոստացել, թող տան մեր փողերը, մենք էլ էդ տներից դուրս գանք ու տուն առնենք: Էսօր-էգուց են քցում ու խաբելով տանում են՝ է հա, մինչև երբ…»:
Գյուղացիներն ընդգծեցին, թե հիմա եղանակը լավ է ու մի կերպ կարող են, սակայն երբ արդեն անձրևները սկսվեն, իրենց վիճակը վատանալու է ու արդեն ապրելն այդ պայմաններում անհնարին է դառնալու, չնայած ամառն էլ իր բացասական կողմերն ունի՝ հիմա էլ միջատներն են տանջում. «Ձեռիս չափ են միջատները, կերան մեզ…»,- ասում են գյուղացիները: